Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
2011թ. իշխանափոխությունից հետո Վրաստանում ավելի խորացավ ներքաղաքական լարվածությունը, որի պատճառն իշխանության եկած «Վրացական երազանք» կոալիցիայի և ընդդիմադիր դաշտ տեղափոխված Միխեիլ Սաակաշվիլիի քաղաքական թիմի միջև շարունակվող քաղաքական պայքարն էր: Մեկ տարի շարունակ նրանք փորձում էին խաղաղ համագոյակցել միմյանց հետ, սակայն, ապարդյուն, քանի որ նախկին իշխանության ներկայացուցիչների համար ծայրահեղ դժվար էր համակերպվել լիովին նոր իրավիճակին, այն է՝ մի կողմից որպես ընդդիմադիր հայտնվել հակադիր բևեռում և մյուս կողմից՝ ականատես լինել նախկինում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող թիմակիցների դեմ իրականացվող քրեական հետապնդումներին:
Խորհրդարանական ընտրություններից հետո իշխանության եկած «Վրացական երազանք» կոալիցիան վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ լայնածավալ կադրային փոփոխություններ իրականացրեց պետական ողջ համակարգում, ինչն, ըստ էության, կարևոր էր նոր կառավարության կողմից որդեգրած քաղաքականության անխոչընդոտ իրականացման համար:
Ճիշտ է, նոր իշխանությունների մեկամյա գործունեության ընթացքում մեծ աշխատանք է կատարվել մի շարք ուղղություններով, այդ թվում՝ գյուղատնտեսության, առողջապահության, կրթության և գիտության ոլորտներում, սակայն փաստն այն է, որ սոցիալ-տնտեսական վիճակը երկրում չի բարելավվել, բազում խնդիրներ մնացել են չլուծված, մասնավորապես՝ առկա է աշխատատեղերի խնդիրը, աղքատության բարձր մակարդակը, գնաճը, վերջին մեկ տարվա ընթացքում նվազել են ներդրումները, կասեցվել են որոշ խոշոր էներգետիկ և տնտեսական նախագծեր: Մինչև 2012թ. նախագահական ընտրությունները գործող կառավարությունը վերոնշյալը բացատրում էր իշխանությունը ոչ լիարժեքորեն իրացնելու հանգամանքով, քանի որ Սաակաշվիլին դեռ նախագահ էր, ինչը թույլ չէր տալիս լուրջ փոփոխություններ իրականացնել երկրում:
Վրաստանն այսօր ունի նոր նախագահ, նոր վարչապետ: Լիովին այլ պատկեր է տիրում երկրում. չկա նախկինում առկա վախի մթնոլորտը, զգալի չափով նվազել են, այսպես կոչված, էլիտար կոռուպցիոն դրսևորումներն, ազատականացվել է բիզնես ոլորտը: Այդուհանդերձ, վերոնշյալը բավարար չէ լուրջ փոփոխություններ արձանագրելու համար: Կառավարությունը նորից արդարանում է՝ այս անգամ մատնանշելով կառավարման կարճ ժամանակահատվածը և նախկին իշխանությունների կողմից թույլ տված սխալները:
«Վրացական երազանք»-ին հաջողվեց խաղաղ ճանապարհով իշխանափոխության իրականացումը: Քաղաքականությամբ զբաղվելու փորձի պակասը չխանգարեց Իվանիշվիլին ճիշտ քաղաքական կանխատեսումներ անել, սակայն փաստը մնում է փաստ, որ այդ իշխանափոխությամբ չլուծվեց Վրաստանի շարքային քաղաքացուն հուզող սոցիալական խնդիրները:
Դեռ երկուս ու կես տարի առաջ շատերի համար դժվար կլիներ պատկերացնել, որ ավելի քան ութը տարի Վրաստանում իշխանության հաստատված Սաակաշվիլիի քաղաքական թիմը պարտություն կարձանագրեր և իր տեղը կզիջեր նորաստեղծ ընդդիմադիր քաղաքական դաշինքին: Սակայն գալիք տարիներին ավելի բարդ և անսպասելի սցենարների կարող ենք ականատես լինել Վրաստանի ներքաղաքական զարգացումների համատեքստում, քանի որ Բ. Իվանիշվիլիի հեռանալը կարող է ճակատագրական դեր խաղալ հենց իր ստեղծած քաղաքական թիմի ներսում տիրող ոչ այնքան կայուն վիճակի առումով: Քաղաքականություն մուտք գործելու համարձակ քայլի համար Իվանիշվիլին ուներ լուրջ պատճառներ, որոնցից հիմնականը նախկին նախագահի կողմից իրականացվող ներքին և արտաքին քաղաքականության հետ համաձայն չլինելու հանգամանքն էր: Երկրում իշխանափոխության հասնելու համար անհրաժեշտ էր քաղաքական կամք, համարձակություն, հավատարիմ մարդկանց աջակցությունը, ինչպես նաև՝ դրամական միջոցների առկայություն, ինչն, ըստ էության, խնդիր չէր ներկայացնում վրացի միլիարդատիրոջ համար:
Արդյունքում ստեղծվեց ընդդիմադիր քաղաքական ուժ, որն իր շուրջը համախմբեց ժողովրդի լայն շերտերին և կարճ ժամանակ անց սկսեց մեծ համակրանք վայելել հասարակության շրջանում: Լինելով վստահելի առաջնորդ՝ Իվանիշվիլին կարողանում էր իր շուրջը համախմբել «Վրացական երազանք» կոալիցիայի մաս կազմող տարբեր հայացքներ ունեցող քաղաքական ուժերի, սակայն ներկայում նա արդեն հեռացել է իր պաշտոնից, և վաղ թե ուշ վերոնշյալ դաշինքի անդամ քաղաքական ուժերը չեն կարողանա զսպել սեփական ամբիցիաներն ու ցանկությունները, և կառաջանա նրանց մեկ օղակի մեջ պահելու խնդիր: Իսկ կոալիցիայի նոր երիտասարդ առաջնորդ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին դժվար թե հաջողվի լուծել այդ խնդիրը, նույնիսկ այն պարագայում, եթե Իվանիշվիլին փորձի անուղղակիորեն մասնակից դառնալ վերոնշյալ դաշինքի կառավարմանը, քանի որ մեկ բան է լինել քաղաքականության մեջ և առաջնորդել թիմին, մեկ այլ բան, երբ դու դա անում ես հեռակա կարգով:
Արտաքին քաղաքական ուղեգծից չշեղվելով՝ Վրաստանի նոր իշխանությունները կարողացան երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ: Անցած մեկ տարվա ընթացքում կողմերի միջև կայացած հանդիպուների արդյունքում վրացական գինիները, հանքային ջրերը, որոշ ապրանքատեսակներ նորից մուտք գործեցին ռուսական շուկա, իրականացվեցին մի շարք վրաց-ռուսական համատեղ մշակութային ծրագրեր:
Այսօր արդեն կողմերն ակնարկներ են անում դիվանագիտական հարաբերույունների վերականգնման ուղղությամբ, իսկ Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացման հնարավորության մասին ՌԴ նախագահի հայտարարությունից հետո ավելի պարզ դարձավ, որ եթե Իվանիշվիլիի կառավարության կողմից պաշտոնական Մոսկվային ուղղված մեսիջերին ի պատասխան ռուսները սկզբնական շրջանում որոշակի անտարբերություն էին դրսևորում, ապա ներկայում իրավիճակը բավականին փոխվել է և նկատվում է հարաբերությունները բարելավելու երկկողմ ցանկություն, այն էլ այն պարագայում, երբ Վրաստանը նախաստորագրել է ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիրը:
Հայ-վրացական հարաբերությունները վերջին մեկ տարվա ընթացքում, կարելի է ասել, ավելի ջերմացել են: Ակտիվացել են միջկառավարական, միջխորհրդարանական հանդիպումները, ավելացել են երկկողմ այցելությունները: Ճիշտ է՝ մոտ ապագայում երկու հարևան երկրների միջև հարաբերությունները լուրջ փոփոխություններ չեն կրի, սակայն, երկկողմ համագործակցության զարգացման դրական դինամիկան կպահպանվի, ինչը հնարավորություն կստեղծի երկու երկրների համար հետագայում ունենալ փոխշահավետ հիմքի վրա կառուցված ավելի ջերմ և բարիդրացիական հարաբերություններ:
Հեղինակ՝ Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանց