Զարուհի Պետրոսյան. Հունվարի 15-ից հետո սպասվում է ջերմաստիճանի բարձրացում նաև Արարատյան դաշտավայրում
Հասարակություն
12:00 09/01/2014

Զարուհի Պետրոսյան. Հունվարի 15-ից հետո սպասվում է ջերմաստիճանի բարձրացում նաև Արարատյան դաշտավայրում

Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում Երևանում ջերմային այս ֆոնը կպահպանվի: Իսկ հանրապետության տարածքում վաղը տաք օդի ներթափանցման արդյունքում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում, ինչին իր դիրքով պայմանավորված Արարտյան դաշտավայրը չի արձագանքի բարձրացմանը:

Սպասվող եղանակի վերաբերյալ Panorama.am-ին նման կանխատեսումները ներկայացրեց «ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության» ՊՈԱԿ-ի ծառայության օպերատիվ կանխատեսումների բաժնի ղեկավար Զարուհի Պետրոսյանը:

«Հունվարի 15-ից հետո, մեր կանխատեսումներով, հնարավոր է հարավից տաք հոսանքների ներթափանցում, ակնկալում ենք, որ դրան կարձագանքի նաև Արարատյան դաշտավայրը»,-ասաց Զ. Պետրոսյանը:

Հունվարի առաջին մի քանի օրերին Երևանում գրանցված համեմատաբար բարձր ջերմաստիճանը, Զ. Պետրոսյանի ներկայացմամբ, պայմանավորված էր հարավ-արևմուտքից հանրապետության տարածք ներթափանցած տաք ցիկլոնով:
«Եթե տաք օդը ներթափանցում է արևմուտքից կամ հարավ-արևմուտքից, ապա Արարատյան դաշտը չի արձագանքում, երբ մենք ունենում ենք զուտ հարավային հոսանքներ, Արարատյան դաշտն արձագանքում է»,-ասաց Պետրոսյանը:

Նա հիշեցրեց, որ հունվարին ծառայությունը կանխատեսել է նորմայից բարձր ջերմաստիճան, ապա ընդգծեց, որ հանրապետության մյուս տարածքներում հունվարի համար բավականին բարձր ջերմաստիճան է:

ԱԻՆ պաշտոնական էջում հրապարակված տվյալների համաձայն, այսօր ցերեկ Տավուշում կգրանցվի +6-+10 աստիճան տաքություն, իսկ հունվարի 11-ից ջերմաստիճանը կբարձրանա` հասնելով +10-+14, Լոռիում և Սյունիքում` ցերեկները կգրանցվի +5-+10, Վայոց Ձորի լեռներում` +1-+6:

«Այո, հանրապետությունում տաք է, ինչը ցավոք չի կարելի ասել Արարատյան դաշտավայրի մասին»,-ասաց նա:

Նախորդող հրապարակում`
Զ. Պետրոսյան. Բարձր ճնշման դաշտը պատնեշում է տաք օդի ներթափանցումը

Placeholder
Զարուհի Պետրոսյան. Հունվարի 15-ից հետո սպասվում է ջերմաստիճանի բարձրացում նաև Արարատյան դաշտավայրում