Այգեպարի գյուղապետ. Գյուղում խուճապ չկա, մեր զինվորները հակահարված տվեցին
Քաղաքական
16:48 11/01/2014

Այգեպարի գյուղապետ. Գյուղում խուճապ չկա, մեր զինվորները հակահարված տվեցին

Տավուշի մարզի Այգեպար գյուղում այսօր առավոտյան ժամերին դարձյալ կրակոցներ են լսվել: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանն ու հավելեց, որ հստակ չգիտեն, թե որ հատվածում են եղել դրանք: Այս պահին կրակոցներ չկան:

Ներքին Կարմիրաղբյուրում այսօրվա կրակոցները չեն լսել. գյուղապետ Մանվել Կամենդատյանը նշեց, որ իրենք լսել են միայն նախօրեին հնչածները: Չորաթան գյուղի բնակիչներից մեկը մեզ տեղեկացրեց, որ երեկվա կրակոցներն իրենց մոտ էլ են լսվել:

Անդրանիկ Այդինյանը նկատեց, որ նախօերին հակառակորդի կրակոցները լռեցրել են մեր զինվորները. «Խիզախ են մեր զինվորները, երեկվա դեպքը շատ տպավորիչ էր: Շատ լավ հակահարված տվեցին, լռեցրին հակառակորդին: Այդքանից հետո զգում ենք, որ ամեն ինչ նորմալ է, խուճապ չկա գյուղում: Բայց դե փոքր երեխաներ կան, վախենում են»,- ասաց գյուղապետը:

Ինչպես ավելի վաղ Panorama.am-ին տեղեկացրել էր ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հակառակորդը հունվարի 10-ի ողջ օրվա ընթացքում, հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում խախտել է հրադադարի ռեժիմի կանոնները` կրակ արձակելով հայկական մարտական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ:

Կրակահերթերն առավել ինտենսիվ են եղել երեկոյան ժամերին, սակայն հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հնարավոր է եղել լռեցնել հակառակորդին: Կորուստներ կամ վիրավորներ չկան:

Նախորդիվ`

ՊՆ. Սահմանագծին հակառակորդը ողջ օրվա ընթացքում ինտենսիվ կրակահերթ է իրականացրել

 

Placeholder
Այգեպարի գյուղապետ. Գյուղում խուճապ չկա, մեր զինվորները հակահարված տվեցին