Ամուսինն ասել է, որ միայն պտղի համար մոր կյանքը պահելը իմաստ չունի
Աշխարհում
19:53 15/01/2014

Ամուսինն ասել է, որ միայն պտղի համար մոր կյանքը պահելը իմաստ չունի

Հղի ամերիկուհու ամուսինն ու ծնողները դատի են տվել բուժհաստատությանը, որտեղ բժիշկները շարունակում են սարքավորումներով արհեստականորեն  ողջ պահել կնոջը` հակառակ նրա կամքի:

Նոյեմբերի 26-ին Տեխաս նահանգի 33-ամյա բնակչուհին գիշերն արթնացել է երեխայի լացից: Կինը 15 շաբաթական հղի էր: Ամուսնու փոխանցմամբ, որոշ ժամանակ անց արթնանալով և տեսնելով, որ կինը կողքին չէ, սակայն երեխան շարունակում է լաց լինել, գնացել է նրա հետևից և խոհանոցի հատակին հայտնաբերել է կնոջն առանց գիտակցության: Թե որքան ժամանակ է այդ վիճակում կինն անցկացրել, հայտնի չէ:

«Մեդպորտալ.ռու»-ի հաղորդմամբ, կնոջը շտապ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկները արձանագրել են գլխուղեղի մահ, սակայն պտուղը շարունակում էր ապրել: Կնոջը միացնում են սարքավորումներին, թեև ամուսինը դեմ է լինում դրան: Ամուսնու պարզաբանմամբ` իրենք բժիշկներ են եղել և պայմանավորվել էին, որ եթե ամուսիններից մեկը կոմայի մեջ լինի, ապա մյուսը հնարավորություն կտա նրան մահանալ: Բացի այդ նա ասել է, որ միայն պտղի համար մոր կյանքը պահել իմաստ չունի:

Սակայն Տեխաս նահանգի օրենքների համաձայն` հղիությունը պարտադրում է բուժհաստատությանը, նույնիսկ հակառակ կնոջ կամքի, պահպանել նրա կյանքը: Ինչից ելնելով էլ հիվանդանոցը հրաժարվում է անջատել սարքավորումները:

Կնոջ ամուսինն ու ծնողները դատի են տվել բուժհաստատությանը` պնդելով, որ այս դեպքում գործում է նաև այն օրենքը, որ եթե հիվանդի գլխուղեղը մահացել է, ապա դա արդեն հնարավորություն տալիս է անջատել սարքավորումները:

Աշխարհին հայտնի են նման դեպքեր, երբ գլխուղեղի մահ արձանագրած հղիների մոտ առողջ երեխաներ են ծնվում: Վերջին նման դեպքը տեղի է ունեցել Հունգարիայում անցած նոյեմբերին. 31-ամյա կնոջ մոտ, որը նույնպես 15 շաբաթական հղի է եղել, գլխուղեղի մահ է ախտորոշվել, սակայն օրգանիզմի կենսական ֆունկցիաների պահպանման արդյունքում 12 շաբաթ անց նրանց մոտ ծնվել է առողջ երեխա:

 

Placeholder
Ամուսինն ասել է, որ միայն պտղի համար մոր կյանքը պահելը իմաստ չունի