Ֆրանս-ադրբեջանական ռազմական համագործակցությունը մտահոգիչ է. Տեսակետներ
Քաղաքական
12:00 18/01/2014

Ֆրանս-ադրբեջանական ռազմական համագործակցությունը մտահոգիչ է. Տեսակետներ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի` Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում, Ադրբեջանի ու Ֆրանսիայի պաշտպանության նախարարները պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության շուրջ տեխնիկական համաձայնագիր են ստորագրել:

Ըստ պաշտոնական տեղեկությունների, Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպումներ է ունեցել նաև Ֆրանսիայի ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարների հետ:

Այս փաստը ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Կարինե Աճեմյանը համարեց մտահոգիչ: Ընդհանրապես` ցանկացած երկրի հետ Ադրբեջանի ռազմական համագործակցության փաստի և իրադարձությունների զարգացումներին Հայաստանում ուշադրությամբ հետևում են:

«Ամեն դեպքում ֆրանսիայի հետ Հայաստանը ավանդապես ջերմ հարաբերություններ ունի, իսկ համագործակցությունը զարգանում է գրեթե բոլոր բնագավառներում: Սակայն հաշվի առնելով Ադրբեջանի կողմից հաճախակի հնչող պատերազմական կոչերը, միջազգային հանրությունը պետք է առավելագույնս նուրբ մոտեցում ցուցաբերի այդ հարցում»,- նշեց Կ. Աճեմյանը:

«Ադրբեջանի ռազմական բյուջեն աճում է, իսկ այդ երկիրը շարունակում է մեծաքանակ զինտեխնիկա ներկրել իր երկիր: Տարածաշրջանային կայունության տեսանկյունից, այն լուրջ ռիսկեր է պարունակում, համոզված եմ, որ Ֆրանսիայում ևս գիտակցում են այս մասին»,- հավելեց պատգամավորը:

Ռազմական փորձագետ Դավիթ Սոֆիյանը նշեց, որ չնայած  նրան, որ համաձայնագրի մանրամասները դեռևս չեն հրապարակվում, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է նաև Ֆրանսիայի ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարների հետ, ենթադրվում է, որ կողմերը երկկողմ հետաքրքրություն ունեն զինտեխնիկայի վաճառքի հարցում:

«Սրա արդյունքներն առավել տեսանելի կլինեն միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով, քանզի պաշտպանական բնագավառում երկու երկրների համագործակցությունը երկար տարիների փորձ չունի»,- նշեց նա:

Ռազմական փորձագետը հույս հայտնեց, որ պաշտպանական ոլորտում Ֆրանսիայի Ադրբեջանի միջև մեկնարկող համագործակցությունն առավել լայն սպեկտր չի ընդգրկի:

Placeholder
Ֆրանս-ադրբեջանական ռազմական համագործակցությունը մտահոգիչ է. Տեսակետներ