ՄԱԿ-ը Իրանին հրավիրել է մասնակցել «Ժնև 2» համաժողովին
Քաղաքական
11:30 20/01/2014

ՄԱԿ-ը Իրանին հրավիրել է մասնակցել «Ժնև 2» համաժողովին

«ՄԱԿ-ը Իրանին պաշտոնապես հրավիրել է մասնակցել Սիրիայի հարցով գումարվելիք «Ժնև 2» համաժողովին»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:

Հաղորդագրության համաձայն՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ անհրաժեշտ է, որպեսզի Իրանը մասնակից լինի սիրիական ճգնաժամի լուծման գործընթացին: Նրա խոսքով՝ Իրանը կարևոր դերակատարություն կարող է ունենալ Սիրիայի անցումային կառավարության ձևավորման հարցում:
Սիրիայի հարցով «Ժնև 2» համաժողովը տեղի կունենա հունվարի 22-ին Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում:

Հիշեցնենք, որ Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը օրերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած համատեղ մամլո ասուլիսի ընթացքում, անդրադառնալով հունվարի 22-ին Սիրիայի հարցով գումարվելիք «Ժնև 2» համաժողովին Իրանի մասնակցության հավանականությանը, մասնավորապես նշել է.

«Հուսով եմ, որ «Ժնև 2»-ը դրական արդյունք կտա. Եթե Իրանին հրավիրեն սույն համաժողովին, ապա կմասնակցենք, հակառակ պարագայում նախապայմանները Թեհրանի համար անընդունելի են և մենք չենք մասնակցի»:

Ավելի վաղ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր. «Ժնևում բանակցության ցուցադրման փոխարեն պետք է հետամուտ լինել սիրիական ճգնաժամի իրական լուծմանը: Արտատարածաշրջանային որևէ համաժողով, որը զուրկ կլինի ազդեցություն գործելու բաղադրիչներից, ի վիճակի չի լինի լուծել սիրիական ճգնաժամը, հետևաբար «Ժնև 2»-ը դեռ չսկսված կարող է տապալվել»:

Placeholder
ՄԱԿ-ը Իրանին հրավիրել է մասնակցել «Ժնև 2» համաժողովին