Սոս Գիմիշյան. ՄՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը լուծում է Ղարաբաղի հիմնահարցը
Քաղաքական
16:17 21/01/2014

Սոս Գիմիշյան. ՄՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը լուծում է Ղարաբաղի հիմնահարցը

 «Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու հարցում կան և դրական, և բացասական կողմեր: Իմ կարծիքով, Հայաստանի համար դրականը ավելի շատ է»,-Panorama.am-ի հետ զրույցում` անդրադառնալով Վիկտոր Խրիստենկոյի այն հայտարարությանը, որ 2014թ.-ին ՀՀ-ը պատրաստ կլինի ստորագրել ՄՄ-ին միանալու համաձայնագիրը, կարծիք հայտնեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:

Նրա խոսքով, Մաքսային միությանը անդամակցելով`  կարելի է լուծված համարել Ղարաբաղի հիմնահարցը:

«Իսկ ՀՀ-ի ազգային անվտանգության հարցը կլինի ավելի ամուր հիմքերի վրա: Մենք միանում ենք Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի միությանը, սակայն չպետք է մոռանալ, որ այդ երկրներում նույնպես գոյություն ունեն բազմաթիվ խնդիրներ»,-կարծիք  հայտնեց Ս.Գիմիշյանը:

Նա նշեց նաև, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Եվրոպայում բարոյական, հոգևոր դաշտում իր համար անընդունելի է:

«Մի քանի ամիս առաջ ընդունված գենդերի մասին օրենքը իմ համար ուղղակի այլասեռման մասին օրենք է: Եվրոպան մեզ առաջարկում է մի 15 տարի անց դառնալ ԵՄ-ի անդամ, սակայն առանց հայկական արժեքային բարոյական համակարգի: Նրանք մեզ ստիպում են այդ ամենից հրաժարվել»,-նշեց Գիմիշյանը:

Ս. Գիմիշյանը հավելեց, որ Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելու ճանապարհին բացասականի կողքին դրականն, այնուհանդերձ, ավելի շատ է:

 «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն էլ,  անդրադառնալով ՀՀ-ի Մաքսային միությանը անդամակցելու հարցին, նշեց, որ Մաքսային միության մասին խոսելիս շեշտը հիմնականում դնում են տնտեսական բաղադրիչի վրա, սակայն հիմնականը դա քաղաքական ուղենիշն է:

«Եթե նույնիսկ Հայաստանի համար այլընտրանք չլիներ՝ Մաքսային միությանը անդամակցելու հետ կապված, այդ անդամակցումը չպետք է տեղի ունենար այսքան նսեմացուցիչ ձևով»,-նշեց Պ.Մակեյանը:

Նա նշեց, որ ԵՄ-ում առկա է կայացած ժողովրդավարական արժեհամակարգ, ժողովրդավարական ընտրություններ, պաշտպանվում են մարդու իրավունքները, իսկ ՌԴ-ից, Ղազախստանից և Բելառուսից այդ արժեքները կիլոմետրերով հեռու են:

Պ. Մակեյանը հավելեց, որ Մաքսային միությանը ՀՀ-ի միանալու օգուտների մասին խոսելը դեռ վաղ է և անհրաժեշտ է սպասել հետագա զարգացումներին:

Հիշեցնենք, որ ռուսական պարբերականներից մեկին տված հարցազրույցում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն հայտարարել էր, որ «Հայաստանն արդեն այս տարի պատրաստ կլինի ստորագրել Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանը միանալու մասին համաձայնագիրը»:

Վ. Խրիստենկո. Հայաստանում շատ նորմեր ավելի են զարգացած, քան անգամ Մաքսային միությունում

Իվան Սուխով. «Հարավային Կովկասում համագործակցությունը Ռուսաստանի և ԵՄ-ի միջև միակ կառուցողական տարբերակն է»

Placeholder
Սոս Գիմիշյան. ՄՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը լուծում է Ղարաբաղի հիմնահարցը