Հերոս զինվորը հուղարկավորվեց Եռաբլուրում
Քաղաքական
17:17 22/01/2014

Հերոս զինվորը հուղարկավորվեց Եռաբլուրում

Ադրբեջանական դիվերսիոն հարձակման ժամանակ մարտում զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին այսօր վերջին հրաժեշտը տվեցին: Եռաբլուր զինվորական պանթեոնում նրա ծնողներն էին, հարազատները, ընկերները, ծառայակիցները, զորամասի հրամանատարությունը, Պաշտպանության նախարարության աշխատակազմի ներկայացուցիչներ և այլք:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զինվորին վերջին հրաժեշտը տալիս ասաց, որ շատ ցավալի և անդառնալի կորուստ է. «Որքան էլ մենք այսօր հարազատներին, ծնողներին, Հոհաննիսյանների ընտանիքին սփոփանքի խոսքեր ասենք, վիշտը շատ մեծ է, կորուստը՝ ադառնալի: Գնահատելի են միայն Արմենի կատարած սխրագործություններն ու քաջագործությունները՝ այն, որ նա, Արցախի մարտական դիրքերում գտնվելով, իրականացրեց իր ստորաբաժանման, ջոկի անդամների հետ միասին: Չափազանց դժվար է այսօր ներկայացնել, բայց Արմենի կատարածը սխրագործություն է ուղղված մեր երկրի անվտանգության ապահովմանը»,- ասաց նա:

Սեյրան Օհանյանը նկատեց, որ, ինչպես միշտ, հակառակորդը, փոխանակ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու ջանքեր գործադրի, կառուցողական մոտեցում ցուցաբերի, դիմեց սադրանքների, ոտնձգությունների:

«Հակառակորդի՝ մինչև ատամները զինված մի քանի դիվերսիոն խմբերի ներթափանցումը մեր դիրքեր, նրանց հարձակվողական գործողությունները Արմենն ու իր ստորաբաժանումը ետ մղեցին: Այդ մարտական գործողությունների ընթացքում անձնուրացաբար, անձնական օրինակով, իր ընկերներին տանելով դեպի մարտի, Արմենը զոհվեց: Նրա զոհն այսօր իմաստաբար է, բայց և չափազնաց դառն է կորուստը բոլորիս համար: Բայց ժամանակը նաև կբերի հպարտություն՝ նրա անցած չանապարհի համար: Այն ճանապարհի համար, որ ինքն անցել է դեռ մինչև բանակ զորակոչվելը՝ լինելով իր ընտանիքի լավագույն զավակը: Այնուհետև, բանակում որպես կրտսեր հրամանատար, իր ենթակաների նկատմամաբ պահանջկոտության հետ մեկտեղ հարգելով նրանց արժանապատվությունը և հոգատար լինելով նրանց հանդեպ, այս ամենն է պատճառը, որ այսօր նա լրացնում է այն կրտսեր հրամանատարների շարքը, ովքեր արցախյան գոյապայքարի ժամանակ տարել են իրենց ստորաբաժանումները հաղթանակների ու զոհվել են՝ իրենց արյունը թափելով հայրենիքի ապահովության համար»,- ասաց նախարարը:

Նա նշեց, որ Արմենն իր ստորաբաժանումով կարողացավ ետ մղել հակառակորդին՝ պատճառելով մեծ կորուսներ, մի քանի զոհեր և գրեթե 25 վիրավոր: Հակառակորդի հատուկ զինված ստարաբաժանումները սովորականան պատրաստվածությամբ զինվորների գործողությունների արդյունքում հետ են շպրտվել:

Սեյրան Օհանյանը հավելեց, որ կորուստների հետ թեև դժվար է, բայց հարկավոր է հաշտվել, ինչպես ժամանաիկն հաշտվել են մարտական ընկերների կորուստի հետ: Նախարարը նշեց, որ զինվոր Արմենը գնում է հավերժական կյանք և իր շատ կարճ երկրային կյանքում նա ապահովեց դա:

Նախարարն ընդգծեց, որ Արմեն Հովհաննիսյանի կատարած սխրագործությունը շարունակական է և խոստացավ, որ հակառակորդը բազմակի անգամ պատժված է լինելու. «Ամենը իրականացնելու են մեր զինվորները, մեր հասարակ, միգուցե պատրաստության ցածր աստիճանով, բայց հայրենիքին նվիրյալ զինվորները: Այն զինվորները որոնց առաջից միշտ հակառակորդի պատրաստված ասկյարները փախչելու են: Մնաս բարով, Արմեն»:

Հերոս Արմեն Հովհաննիսյանը հուղարկավորվեց արցախյան ազատամարտում ընկած հերոսների կողքին:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր: Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված մարտական խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Ա. Հովհաննիսյանը:

Նախորդիվ՝

Ադրբեջանը դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձեր է իրականացրել, հայ զինծառայող է զոհվել

Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով

Պնախարարը՝ Ադրբեջանի դիվերսիոն խմբերի հարձակումը կասեցրած զինվորների մասին

Placeholder
Հերոս զինվորը հուղարկավորվեց Եռաբլուրում