ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են հայ ռազմագերու հետ
Հասարակություն
14:50 23/01/2014

ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են հայ ռազմագերու հետ

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի և այնտեղ գտնվող հայկական ընտանիքի անդամների հետ: Այս մասին Panorama.am-ին փոխանցեց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:

Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ, 5 անդամներից բաղկացած ընտանիքը, «Երազ» մակնիշի մեքենայով, անտեսելով սահմանապահների հորդորներն ու զգուշացումները, հատել էր հայ-ադրբեջանական սահմանը Նախիջևանի ուղղությամբ ու հայտնվել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում:

Ըստ նրա, ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցչության անդամները հայ ռազմագերուն են փոխանցել իր ընտանիքի մասին տեղեկություններ, տեղի է ունեցել տեղեկատվության փոխանակում:

Զ. Ամատունին հիշեցրեց, որ օրեր առաջ, ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ղեկավարը հանդիպել է նաև Հակոբ Ինջիղուլյանի ընտանիքի անդամների հետ:

Հարցին, թե արդյոք սահմանագծին տեղի ունեցող սրացումները ազդեցություն են ունենում հայ ռազմագերու խնդրի լուծման հարցում, վերջինս պատասխանեց.

«ԿԽՄԿ-ի գործունեությունը այլ հարթության մեջ է»:

Նաև ավելացրեց, որ զերծ կմնա այդ թեմայով որևէ մեկնաբանություն հնչեցնելուց:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: Հավելենք, որ Ադրբեջանը նախապես հաստատել էր հայ զինծառայողի՝ մոլորվածության պատճառով Ադրբեջանի պահպանության տակ գտնվող տարածքում հայտնվելու վարկածը, սակայն ավելի ուշ, ադրբեջանական լրատվամիջոցները սկսեցին տարածել զինծառայող՝ ինքնակամ շփման գիծը հատելու վարկածը: Ավելի ուշ, համացանցում շրջանառության մեջ դրվեց հայ զինծառայողի հետ երկու «հարցազրույց», ինչը Ժնևյան կոնվենցիայի 13-րդ հոդվածի մի շարք կետերի խախտում է:

Placeholder
ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են հայ ռազմագերու հետ