Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սերժ Սարգսյան. Դուք այն վահանն եք, որի ներքո ապրում ու արարում են մեր երկիրն ու ժողովուրդը
«Օրեր առաջ կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի ցուցաբերած վեհ կեցվածքը վճռական պահին և նրա ու ընկերների սխրանքը մեր բանակի իսկական նկարագիրն են ու օրինակը»,-նախագահական նստավայրում Հայոց բանակի 22-րդ տարեդարձի առիթով պետական պարգևների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Շնորհավորելով բանակի օրվա առիթով հայրենիքի բարձր պարգևներին արժանացած զինծառայողներին ու ազատամարտիկներին, նախագահն ասաց.
«Հարգելի՛ պարգևատրվածներ,
Շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա և հայրենիքի բարձր պարգևներին արժանանալու կապակցությամբ: Ձեր առաքելությունն առանձնահատուկ է: Դրա համար էլ այն կոչվում է ծառայություն և ոչ թե աշխատանք: Մեր ողջ ժողովուրդը ակնածանքով է վերաբերվում ձեր գործին և երախտագիտության զգացում ունի մեր բանակի և հայրենիքի յուրաքանչյուր զինվորի նկատմամբ:
Այսօր այստեղ են թե՛ կադրային սպաներ, թե՛ զորակոչային զինծառայողներ, որոնք բոլորը միասին վերցրած մի հզոր, համաժողովրդական ուժ են: Անպարտելի ուժ, որից հակառակորդը զգուշանում ու նաև վախենում է: Դուք այն վահանն եք, որի ներքո ապրում ու արարում են մեր երկիրն ու ժողովուրդը: Այսօր ինձ է պատիվ վիճակվել հանձնել ձեզ Հայաստանի Հանրապետության պարգևները, բայց դրանք մեր պետության և ամբողջ ժողովրդի կողմից տրվող գնահատականներն են: Ապրե՛ք, կեցցե՛ք դուք, որ մարմնավորում եք մեր կարողականությունը և դրսևորում եք մեր ժողովրդի լավագույն որակները: Մաղթում եմ ձեզ առողջություն ու երջանկություն, անփորձանք ծառայություն: Շարունակե՛ք ձեր սուրբ գործը, շարունակե՛ք ձեր նախորդների փառավոր ավանդույթները: Շարունակե՛ք լինել այնպիսին, ինչպիսին կաք, բայց նաև շարունակեք կատարելագործել ձեր ունակություններն ու հմտությունները»:
Բանակի օրվա առթիվ, Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության, մասնագիտական բարձր պատրաստվածության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար, Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գծի հյուսիս-արևելյան ուղղությամբ ս. թ. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձը փոքրաթիվ ուժերով կասեցրած և հակառակորդին հետ մղած զորամասի զինծառայողները Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել են պետական բարձր պարգևներով:
Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Բանակի օրվա առթիվ և Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած արիության ու անձնական խիզախության, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, ՀՀ զինված ուժերի մի խումբ զինծառայողներ և ազատամարտիկներ ևս պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության մեդալներով: