ՊԲ. Խաղաղությանը վերաբերում ենք հարգանքով, սակայն պատերազմի պատրաստվում մեծ պատասխանատվությամբ
Քաղաքական
13:40 30/01/2014

ՊԲ. Խաղաղությանը վերաբերում ենք հարգանքով, սակայն պատերազմի պատրաստվում մեծ պատասխանատվությամբ

Վերջին օրերին, թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները անընդհատ լուրեր են տարածում սահմանագծին լարվածության պահպանման ու Ադրբեջանի կողմից զինտեխնիկայի կուտակումների մասին:

Panorama.am­ի հետ զրույցում, ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը, մեկնաբանելով վերոնշյալ լուրերը, նշեց, որ իսկապես, հունվարի 19-ի լույս 20­-ի գիշերը, ադրբեջանական դիվերսիոն խմբերի կողմից իրականացված հարձակումների ու դիպուկահարների ակտիվության հետևանքով, լարվածությունը սահմանագծին պահպանվում է:

Ս. Հասրաթյանը հաստատեց տեղեկություններն այն մասին, որ Ադրբեջանը սահմանագծի տարբեր հատվածներում ոչ մեծ քանակի զինտեխնիկա է կուտակել:

«Մենք խաղաղությանը վերաբերում ենք հարգանքով, սակայն պատերազմի պատրաստվում մեծ պատասխանատվությամբ»,-­ հավելեց Ս. Հասրաթյան:

Նա նշեց, որ Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմի կանոնները ղարաբաղա­ադրբեջանական զորքերի շփման գծի տարբեր հատվածներում` ընդգծելով, որ ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն իրականացնում են իրենց առջև դրված խնդիրները ու հակառակորդին ագրեսիվ գործողություններին պատասխանում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ի լույս 20­-ի գիշերը, Ադրբեջանի կողմից, սահմանագծի տարբեր հատվածներում իրականացված դիվերսիոն հարձակումներին հետևեցին դիպուկահարների ակտիվ գործողությունները, ինչի հետևանքով իրավիճակը սահմանագծին շարունակում է մնալ լարված:

Placeholder
ՊԲ. Խաղաղությանը վերաբերում ենք հարգանքով, սակայն պատերազմի պատրաստվում մեծ պատասխանատվությամբ