Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սերժ Սարգսյան. ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում ակնկալում ենք միջազգային հանրության անկողմնակալ մոտեցումը
ԼՂ հիմնահարցի կարգավորումն իրատեսական չի թվում, եթե Ադրբեջանը մեկընդմիշտ չհրաժարվի ռազմատենչ քարոզչության, սպառազինությունների մրցավազք հրահրելու և շփման գծում սադրիչ գործողություններ իրականացնելու արատավոր քաղաքականությունից: Այս մասին Չեխիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է պետական այցով այդ երկրում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Չեխիայի Հանրապետության կառուցողական դիրքորոշումը՝ սատարելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:
«Շուրջ 2 տարի տևած դադարից հետո 2013 թվականի նոյեմբերին Վիեննայում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, ինչն ինքնին, իհարկե, դրական քայլ է բանակցային գործընթացում: Նախագահների մակարդակով ուղիղ շփումները կարևոր խթան են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին, որը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միակ ձևաչափն է»,-ասել է Հայաստանի նախագահը:
Երկրի ղեկավարի խոսքով, վերջին հինգ տարիների ընթացքում համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների մակարդակով ընդունված հայտարարություններում ամրագրված սկզբունքներն ու դրույթները լավ հիմք են ապահովում հիմնախնդրի արդար և տևական խաղաղ կարգավորման համար:
«Մենք կիսում ենք համանախագահ երկրների տեսակետը, որ այդ սկզբունքներն ու դրույթները պետք է դիտար-կվեն որպես մեկ ամբողջություն, և դրանցից որևէ մեկին մյուսի նկատմամբ գերակայություն տալու փորձերը անհնարին կդարձնեն փոխզիջման ձեռք բերումը և կարգավորման հասնելը:
Այդուհանդերձ, հիմնահարցի կարգավորումն իրատեսական չի թվում, եթե Ադրբեջանը մեկընդմիշտ չհրաժարվի ռազմատենչ քարոզչության, սպառազինությունների մրցավազք հրահրելու և շփման գծում սադրիչ գործողություններ իրականացնելու արատավոր քաղաքականությունից:
Ժամանակն է, որ ադրբեջանական կողմը կառուցողական մոտեցում ցուցաբերի հիմնախընդիրը բացառապես խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու հարցում: Այստեղ պետք է մի շատ կարևոր շեշտադրում կատարեմ, պարոն Նախագահ. հիմնախնդրի խաղաղ և տևական կարգավորման հարցում մենք ակնկալում ենք միջազգային հանրության անկողմնակալ մոտեցումը կամ առնվազն գործընթացին չվնասելու սկզբունքով առաջնորդվելը:
Նախագահ Զեմանի հետ լիովին համակարծիք էինք, որ տարածաշրջանային հակամարտությունները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով»,-համտեղ ասուլիսում հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Նախորդող հրապարակումներ`
Կայացել է Սերժ Սարգսյանի ու Միլոշ Զեմանի հանդիպումը
Սերժ Սարգսյան. Պրահան կարևոր նշանակետ է Հայաստանի եվրոպական օրակարգում
Սերժ Սարգսյան. Շնորհակալ եմ Չեխիայի նախագահին, մեր որոշմանը ըմբռնումով մոտենալու համար