Ազատավանի դպրոցի տնօրենը` աշակերտին ծեծելու լուրերի մասին
Կրթություն, գիտություն
12:30 01/02/2014

Ազատավանի դպրոցի տնօրենը` աշակերտին ծեծելու լուրերի մասին

«Ազատավանի միջնակարգ դպրոցի անգլերենի ուսուցիչը չի ծեծել աշակերտին»: Տնօրեն Էմմա Նիկողոսյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հերքեց այդ մասին մամուլով տարածված լուրերը:

«Երեխան ուշացած ներս է վազել, մուտքի մոտ ոտքն է ոլորվել, թե դռան մոտ եղած բարձր ելուստին է կպել: Ուսուցչուհին դռան մոտ է եղել, փորձել է բռնել, մատն է բռնվել: Մատը ցավել է, տարել ենք Արտաշատ` բժշկի, ասել են` որևէ լուրջ բան չկա, ջիլն է ձգվել: Հետ ենք բերել, երեխան ոչ մի օր դասից չի բացակայել»,- պատմեց տնօրենը:

Էմմա Նիկողոսյանը նշեց, որ ոստիկաններն էլ են դպրոց եկել, հարցաքննել են երեխային, նրա ծնողին, ուսուցիչներին ու աշակերտներին, թողել-գնացել են:

Մեկնաբանելով տեղ գտած այն տեղեկությունը, թե «անգլերենի ուսուցչուհին ցուցափայտով է մտնում դասարան», դպրոցի տնօրենն ասաց. «Անգլերենի ուսուցչուհին ցուցափայտ ինչո՞ւ պիտի տանի, պատմության կամ աշխարհագրության ուսուցիչ չի, որ ցուցափայտ տանի»:

Այսօրվա մամուլում  գրված էր, թե` դպրոցի անգլերենի ուսուցչուհի Սոնա Երիցյանը հարվածել է դպրոցի աշակերտներից մեկին, ինչի արդյունքում աշակերտը կոտրվածք է ստացել:

ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պարզաբանումը դեպքի հետ կապված համընկնում է տնօրենի` մեզ ասածի հետ. «Մեր աշխատակիցները զբաղվել են այդ գործով»: 

Placeholder
Ազատավանի դպրոցի տնօրենը` աշակերտին ծեծելու լուրերի մասին