Այս տարի Արցախում նոր հիվանդանոցներ կշահագործվեն
Առողջություն
11:22 05/02/2014

Այս տարի Արցախում նոր հիվանդանոցներ կշահագործվեն

Արցախի առողջապահության նախարարությունը 2013 թվականին ուշադրություն է դարձրել հանրապետության բուժհիմնարկների համաչափ զարգացմանը, անհրաժեշտ սարքավորումներով և պարագաներով համալրմանը, մոր և մանկան առողջության պահպանման, ծննդօգնության մակարդակի, բժշկական օգնության և սպասարկման որակի ու մատչելիության բարձրացմանը, ինչպես նաև ոլորտի օրենսդրական դաշտի բարելավմանը:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է Առողջապահության նախարար Զոյա Լազարյանը` ամփոփելով անցած տարվա աշխատանքների արդյունքները:

Նախարարն առանձնացրել է Հանրապետական բժշկական կենտրոնի հիվանդանոցային նոր մասնաշենքի կառուցումը:

«Հիվանդանոցն իր շենքային և սպասարկման պայմաններով, ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ, հիվանդների ընդունման և որակյալ բժշկական ծառայության մատուցման լայն հնարավորություններով որակական նոր մակարդակի կբարձրացնի ԼՂՀ բնակչության բուժսպասարկումը»,- ասել է նախարարն ու հավելել, որ երկու ժամանակակից սարքավորումներով հագեցած ռեանիմոբիլները կիրականացնեն ծանր հիվանդների տեղափոխումը Երևանի կլինիկաներ:

Ըստ նրա, աշխատանքներն ավարտին են մոտենում և շատ շուտով հիվանդանոցը կծառայի իր նպատակին: Բարերարների օգնության շնորհիվ բարելավվել է շտապ օգնության կանչերի ժամանակին սպասարկումը:

Նախարարը նշել է, որ Մարտունու շրջանային բուժմիավորման նոր շենքի շինարարությունն ավարտին է հասել, որի կահավորման ու սարքավորումներով հագեցման հարցը կլուծվի ընթացիկ տարում:

Քաշաթաղի շրջանի Կովսականի տեղամասային հիվանդանոցի շենքի շինարարական աշխատանքները ևս ավարտվել է: Զոյա Լազարյանը հայտնել է, որ այն շահագործման կհանձնվի ընթացիկ տարում: «Ընթացքի մեջ են մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի, Քաշաթաղի շրջանային բուժմիավորման շենքերի շինարարությունները, Մարտակերտի շրջանային բուժմիավորման պոլիկլինիկական մասնաշենքի կապիտալ վերանորոգման աշխատանքները»,- նշել է նա:

Մարտակերտի շրջանային բուժմիավորումն էլ անցած տարի համալրվել է բժշկական սարքավորումներով:

Նշենք, որ 2013 թվականին Արցախի բուժհիմնարկներում արձանագրվել է 462.545 ամբուլատոր հաճախումներ, 2012 թվականի 437.028 դիմաց: Աճը հիմնականում պայմանավորված է վերին շնչական ուղիների սեզոնային սուր վարակի գրանցման հետ:

Placeholder
Այս տարի Արցախում նոր հիվանդանոցներ կշահագործվեն