Կիսապատերազմական վիճակում վտանգավոր է ազատամարտիկների մասնատումը. կարծիքներ
Հասարակություն
12:25 05/02/2014

Կիսապատերազմական վիճակում վտանգավոր է ազատամարտիկների մասնատումը. կարծիքներ

Ազատամարտիկ Սասուն Միքայելյանը վերջին շրջանում հանդիպումներ է կազմակերպում արցախյան պատերազմի մասնակիցների հետ, որի նպատակն է ազատամարտիկների նոր միության ստեղծումը: Քննարկումների առանցքում երկրում իշխանափոխության իրականացումն է:

Աֆղանստանի պատերազմի վետերանների միության նախագահ Արմեն Մխիթարյանը կարծում է, որ ազատամարտիկները, զինծառայողները պետք է միավորվեն ոչ թե քաղաքական պայքարի մեջ մտնելու, այլ ազատամարտիկների բազմաթիվ խնդիրները լուծելու համար:

«Մեր միության կանոնադրությունը սահմանում է ազատամարտիկների սոցիալ­-կենցաղային խնդիրների, առողջական վիճակի բարելավման առաջնահերթություները: Ճիշտ չեմ համարում ազատամարտիկների միավորումն ու նրանց քաղաքական պայքարի տանելը»,­- նշեց նա:

Նրա խոսքերով, ազատամարտիկների հոգսերը թեթևացնելու համար առավել նպատակահարմար է հասարակական կազմակերպությունների ու անհրաժեշտ օժանդակության հնարավորությունների ստեղծումը, քան քաղաքական պայքարի դուրս գալը, որի դեպքում դեռևս պարզ չէ, թե ի վերջո ինչ խնդիրներ կլուծվեն:

«Ես հարգում են Սասուն Միքայելյանի անցած ճանապարհը, սակայն նրա այդ գաղափարները չեմ կիսում, դա չէ ազատամարտիկների խնդիրների լուծման ճանապարհը: Ազատամարտիկները պետք է օրինակ ծառայեն սերունդների հայրենասիրական դաստիրակության առումով»,­-ասաց Աֆղանստանի պատերազմի վետերանների միության նախագահը:

Աֆղանստանի պատերազմի վետերան, ԵԿՄ անդամ (ջոկատի հրամանատար) Կարեն Սարիբեկյանը նշեց, որ պատերազմի մասնակիցները միավորված են:

«Այսօր ազատամարտիկների սոցիալական վիճակի, աշխատանքի, առողջական խնդիրների, թոշակային հարցերի հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան, սակայն դա չի նշանակում, որ մինչև այժմ ոչ մեկ այդ խնդրով չի զբաղվել: Այսօր կան բազմաթիվ նվիրյալներ, ովքեր իրենց հնարավորությունների չափվ օգնում, օժանդակություն են հատկացնում ազատամարտիկներին ու նրանց ընտանիքներին: Եվ ԵԿՄ-­ն, և Աֆղանստանի պատերազմի վետերանների միությունը ոչ միայն բարձրացնում են առկա խնդիրները, այլ իրենց հնարավորությունների չափով օժանդակում ազատարտիկներին»,­- ասաց նա:

Կ. Սարիբեկյանը խնդրահարույց է համարում այն հանգամանքը, որ ազատամարտիկները միավորվում են քաղաքական խնդիրների լուծման նպատակով` հիշեցնելով, որ կիսապատերազմական վիճակում գտնվող երկրի համար դա վտանգավոր է. չպետք է ազատամարտիկներին մասնատել, իսկ միավորման առումով, նրանք արդեն իսկ միավորված են:

«Ցավոք, հաշվի առնելով պետության հնարավորությունները, ազատամարտիկների մի շարք խնդիրներ մնում են չլուծված, պետությունը հնարավորության դեպքում պետք է բարձրացնի պատերազմի մասնակիցների թոշակները, օժանդակի վերջիններիս առողջական խնդիրների լուծմանը: Վաղը, եթե Աստված չանի, պատերազմը վերսկսվի, պայքարի հիմնական լուծը ազատամարտիկներն են տանելու»,­ -հավելեց նա:

Placeholder
Կիսապատերազմական վիճակում վտանգավոր է ազատամարտիկների մասնատումը. կարծիքներ