Երևանի կիսակառույցների խնդիրը դեռ օրակարգում է
Հարցազրույցներ
10:31 14/02/2014

Երևանի կիսակառույցների խնդիրը դեռ օրակարգում է

«Երևանի տարբեր վայրերում, հատկապես կենտրոնում գտնվող կիսակառույց շինությունների հարցն, ընդհանրապես, բազմաբնույթ է և բազմերանգ: Կիսակառույց շինություններից երկուսի սեփականատերերը հայտարարել են, որ իրենք առաջիկա տասը տարիների ընթացքում որևէ ծրագիր չեն կարող իրականացնել այդ տարածքներում: Երևանի քաղաքապետարանն ընդունված կարգով կօտարի դրանք ու կճանաչի պետական գերակա շահ կամ կգտնվեն այլ կառուցապատողներ»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը:

Նա հայտնեց, որ խոսքը վերաբերում է Հաղթանակ կամրջի մոտ և «Վալենսիա» ՀՁ ՍՊԸ-ին պատկանող Մ. Բաղրամյան պողոտայի 37 և 39 հասցեներում գտնվող  հողամասերին:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը դեռ 2012-ին կիսակառույցների սեփականատերերին ժամանակ էր տվել ներդրումային հստակ ծրագրեր ներկայացնել, սակայն մինչ օրս այնքան էլ շատ բան չի փոխվել, գրեթե չի փոխվել: Բայց, ըստ Տ. Բարսեղյանի, կիսակառույցների հետ կապված հարցերը տարբեր վիճակներում են գտնվում:

Նախկին Երիտասարդական պալատի հարցում (սեփականատեր «Ավանգարդ մոթորս»), Երևանի գլխավոր ճարտարապետի խոսքով, ճապոնացի հեղինակավոր խմբի հետ նախագծային վերանայումներ են կատարել, ամիսներ առաջ քաղաքաշինական խորհուրդում քննարկվել է երկու մասնաշենքով լուծումը, սակայն առաջարկվել է նախկին 150 և 120 մետր բարձրություն ունեցող շինությունների փոխարեն կառուցել համապատասխանաբար 120 և 70 մետր բարձրություն կառույցներ, ինչը բերում է ճարտարապետական, ծավալահատակագծային էական փոփոխությունների, ուստի ժամանակ է անհրաժեշտ: Նոր նախագիծը մշակելուց հետո կրկին ներկայացվելու է ճարտարապետական խորհրդի դատին:

Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե այդ տարածքը հանքավայրի է վերածվել, նա ասաց. «Հանքավայր կոչելու իրավունք ունեք: Դա նաև ժամանակը ճիշտ օգտագործելու և օգտակար աշխատանք անելու հիմք է տալիս: Այսպես թե այնպես, այդ քարաշերտերը կոտրատվում և շինանյութ են դառնում, այնտեղից հեռացվում է, ինչը ցանկացած շինարարության դեպքում պետք է արվեր»:

Դվին հյուրանոցի հետ կապված, Տ. Բարսեղյանն ասաց, որ այստեղ շարժ է նկատվում, գործընթացը գտնվում է կառավարության վարման տիրույթում: Այժմ կատարվում է ուժեղացման, ամրացման աշխատանքներ:

«Կա կնքված պայմանագիր: Մինչև 2015 թվականը պետք է շենքը բերվի բարվոք վիճակի: Պայմանավորվածություններն այնպիսին են, որ հակառակ դեպքում տույժ և տուգանքներ են առաջանում»,-ասաց նա:

Կայարանամերձ հրապարակի տարածքում, ըստ Երևանի գլխավոր ճարտարապետի, այժմ խնդրո առարկա է դարձել ոչ միայն հյուրանոցային շենքի քանդումը, այլ հարցեր էլ են առաջացել՝ երկաթուղայիների ակումբի վերակառուցում, ստորգետնա ավտոհանգրվանների և առևտրի կետերի կառուցման և այլն:

«Բոլոր խնդիրները պետք է մի համատեքստում ձևավորել ու լուծում տալ»,- ասաց Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետը:

Տ. Բարսեղյանը նշեց նաև, որ Երևանում առկա բոլոր կիսակառույցների սեփականատերերը շարունակում են իրենց հետ համագործակցել:

Նախորդող հրապարակումներ՝

Սայլը տեղից կշարժվի՞. Քաղաքապետարանը 1 տարի անց վերադառնում է կիսակառույցների ճակատագրին (լուսանկարներ)

«Սևան»-ը` բացօթյա զուգարան, «Կուկուռուզնիկը»` բազալտի հանքավայր. Ովքե՞ր են Երևանն ապամոնտաժողները (ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ)

Կիսակառույցների սեփականատերերը նոր պայմանագրեր պետք է կնքեն քաղաքապետարանի հետ, այլապես…

Քաղաքապետի առաջարկությամբ կկազմվի մայրաքաղաքի խոշոր կիսակառույցների շինարարությունը վերսկսելու ժամանակացույց

 

Placeholder
Երևանի կիսակառույցների խնդիրը դեռ օրակարգում է