Բանաստեղծ. Գիրք նվիրելու օրը հանրային իրադարձություն է դարձել
Կրթություն, գիտություն
13:43 18/02/2014

Բանաստեղծ. Գիրք նվիրելու օրը հանրային իրադարձություն է դարձել

Հայաստանում փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, նշվում է գիրք նվիրելու օրը:

Բանաստեղծ Կարեն Անտաշյանի բնորոշմամբ, գիրք նվիրելու օրը հանրային իրադարձություն է դարձել:

«Մնում է հույս հայտնել, որ գիրք գնելու և նվիրելու ավանդույթները կվերածվեն գիրք ընթերցելու ավանդույթի: Գիրքը կընթերցեն, կքննարկեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց բանաստեղծը:

Գրականագետ Արքմենիկ Նկողոսյանը հայտնեց, որ գիրք հրատարակող մի շարք ընկերություններ ակցիաներ են կազմակերպել: Գրքեր կնվիրեն, դրանք կվաճառվեն զեղչերով և այլն:

Արքմենիկ Նիկողոսյանը նկատեց, որ 4-5 տարի առաջ կար իրավիճակ, որ գիրք չէին կարդում: Մյուս կողմից դժգոհում էին գրախանութների բացակայությունից: Ժամանակակից գրականության մի խումբ ներկայացուցիչներ տարիներ առաջ նախաձեռնեցին «Գրանիշ» ստեղծագործական խումբը, որը նպատակ ուներ հայ ժամանակակից գրողին հանրահռչակելու, հրատարակչություն-գրող-ընթերցող կապ ստեղծելու:

«Մենք արդեն բազմաթիվ դեպքեր ունենք, որ ժամանակակից հայ գրողը համագործակցում է հրատարակչության հետ և վերջինս գումարներ է ներդնում գրքի տպագրության մեջ: Այսօր տարեկան մինիմում 100 գիրք են վաճառում հայ ժամանակակից գրողները: Ընթերցողական մեծ հետաքրքրություն է ժամանակակից գրողների և գրքի նկատմամբ ընդհանրապես»,- ասաց նա:

Արքմենիկ Նիկողոսյանը նաև նշեց, որ թարգմանչական գրատպությունը ևս զարգանում է. առաջնային է գիրքը թարգմանել հեղինակային իրավունքների պահպանմամբ ու բնագրից: Գրականագետի բնորոշմամբ, այսօր չափազանց տարածում ունի էլեկտրոնային գիրքը: Մի շարք գրականագիտական խմբեր զբաղվում են էլեկտրոնային գրքի տարածմամբ:

Կարեն Անտաշյանն էլ հավելեց, որ կենդանի գրական գործընթացի և գրաշրջանառության համակարգի սաղմնավորումն ու գրական շուկայի ձևավորումը արդեն տեղի է ունեցել:

«Մեծ առումով չենք կարող որակական փոփոխությունների մասին խոսել: Մեր հասարակությունը շարունակում է հետ մնալ և որպես ժամանց այլ ապրանքներ սպառել, բայց առաջին քայլն արված է»,- ասաց ժամանակակից գրողը:

Placeholder
Բանաստեղծ. Գիրք նվիրելու օրը հանրային իրադարձություն է դարձել