Ինչու՞ է Իրանը ակտիվացել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում
Քաղաքական
16:09 18/02/2014

Ինչու՞ է Իրանը ակտիվացել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում

«Այն ուժերը, որոնք պնդում են, թե Իրանի և Հայաստանի հարաբերությունները հակասում են իսլամին, ապա սխալվում են: Իրանը երբեք չի համարել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությունը կրոնական բնույթ ունի»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Ադրբեջանում ԻԻՀ դեսպան Մոհսեն Փաքայինը:

ԼՂ հարցում Իրանի ունեցած դիրքորոշման առնչությամբ, ինչպես նաև, հայ-իրանական հարաբերություններում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով Panorama.am-ը զրուցել է իրանագետ Արմեն Իսրայելյանի հետ:

- Վերջին շրջանում Ադրբեջանում Իրանի դեսպանը բավականին հաճախ է անդրադառնում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը. Ինչու՞ է ակտիվացել Թեհրանը:

- Իրանի՝ ԼՂ հարցում ունեցած դիրքորոշումը պետք է դիտարկել երկու՝ քաղաքական և անվտանգության տեսանկյունից:
Քաղաքականի պարագայում կարող ենք փաստել, որ Հասան Ռոհանիի կառավարությունը փորձում է վերականգնել տարածաշրջանային գերտերության կարգավիճակը, քանի որ նախորդ իշխանությունների օրոք Թեհրանի՝ Հարավային Կովկասում ունեցած ազդեցությունը զգալիորեն թուլացել էր՝ իր տեղը զիջելով Թուրքիային:

Երկրորդ, Իրանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ ունենալով ընդարձակ սահման, բնականաբար մտահոգված է Ադրբեջանի դիվերսիոն գործողությունների արդյունքում ղարաբաղա-ադրբեջանական սահմանում առաջացած լարվածությամբ, որի հետզհետե ուժեղացումը ուղղակիորեն սպառնում է իր ազգային շահերին. հետևաբար Թեհրանն ամեն ինչ անում է, որպեսզի չեզոքացնի պատերազմի վերսկսման վտանգը:

Վերլուծելով ԼՂ հարցում Թեհրանի պաշտոնական դիրքորոշումը՝ կարող ենք փաստել, որ Իրանի նոր իշխանությունները չեն փոխել իրենց դիրքորոշումը, այն է՝

Ա. «Իրանը երբեք չի համարել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությունը կրոնական բնույթ ունի»:
Բ. «Այն ուժերը, որոնք պնդում են, թե Իրանի և Հայաստանի հարաբերությունները հակասում են իսլամին, սխալվում են»:
Գ. «ԼՂ հակամարտության լուծման միակ ճանապարհը խաղաղ կարգավորումն է»:
Դ. «Իրանը ԼՂ հարցում վարել և վարում է հավասարակշռված քաղաքականություն, ինչը Թեհրանի՝ տարածաշրջանային քաղաքականության կարևոր ձեռքբերումն է»:

- ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն օրերս հրապարակել է Հայաստանի արտաքին առևտրի ամփոփ ցուցանիշները: Ըստ այդ հրապարակման՝ 2013թ. Իրանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 293 միլիոն 536.1 հազար ԱՄՆ դոլար, որը` 2012թ. համեմատ, շուրջ 34 միլիոն դոլարով պակասել է: Ի՞նչ զարգացումներ են սպասվում հայ-իրանական հարաբերություններում 2014թ.-ին:
- Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցների, Իրանում կայացած նախագահական ընտրությունների, ինչպես նաև մի շարք այլ հանգամանքերի պատճառով առևտրաշրջանառության նվազում տեղի ունեցավ: ժնևյան հայտնի գործընթացներից հետո ակնհայտ է, որ Իրանը փորձում է իր հարաբերությունները զարգացնել թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի հետ, ինչը դրական ազդեցություն կունենա նաև հայ-իրանական հարաբերությունների վրա: Այդ պարագայում Հայաստան-Իրան երկաթգծի, Իրան-Հայաստան նավթատարի, ինչպես նաև Մեղրիի ՀԷԿ-ի և Հայաստան-Իրան բարձրավոլտ 3-րդ էլեկտրահաղորդման գծի կառուցման գործում կարող է դրական տեղաշարժ արձանագրվել. արդեն իսկ սկսվել է Հայաստանի տարածքում հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարությունը, որը լրացուցիչ դրական ազդակ կհաղորդի երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը:

- Վերջին օրերում Իրանի և Հայաստանի միջև կարծես թե տարաձայնություն է առաջանում լավաշի հարցում, ինչու՞մն է խնդիրը:

- Բանն այն է, որ Հայաստանը հայկական լավաշի պատրաստման արվեստը ցանկանում է ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ոչ նյութական արժեքների ցուցակում: Իրանցի արվեստագետների մի մասը դեմ է արտահայտվում այդ հարցին, սակայն օրերս Իրանի Մշակույթի, զբոսաշրջության և ձեռքի աշխատանքների կազմակերպության մշակութային արժեքների գրանցման բաժնի ղեկավարը հայտարարեց, որ լավաշը հայկական բառ է, Հայաստանն էլ՝ լավաշի հայրենիքը:

Այնպես, որ կարծես թե հարցը լուծվում է, սակայն ուշագրավն այն է, որ այս օրերին ակտիվացել է մշակութային արժեքների գողությամբ հայտնի Ադրբեջանը, որը փորձում է ավելորդ լարվածություն առաջացնել հայ-իրանական հարաբերություններում՝ վիճարկելով լավաշի՝ հայկական ծագումը:

Նախորդող մեկնաբանություններ՝
ԼՂ հարցում Իրանի միջնորդական առաքելությունն ու Շուշիի ազատագրումը. իրանագետի դիտարկումները

Որքա՞ն է կազմում Իրանի և Հայաստանի առևտրաշրջանառությունը, ի՞նչ ապրանքներ են ներմուծվում և արտահանվում
 

 

Placeholder
Ինչու՞ է Իրանը ակտիվացել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում