ՀԱԿ-ը հնարավոր է չմասնակցի գազի հարցերով հանձնաժողովի աշխատանքներին
Քաղաքական
20:33 20/02/2014

ՀԱԿ-ը հնարավոր է չմասնակցի գազի հարցերով հանձնաժողովի աշխատանքներին

ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն համաձայնություն են հայտնել մասնակցել գազի հարցերով հանձնաժողովի աշխատանքներին: Այս մասին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցած հերթական քննարկման ավարտին ԱԺ-ում լրագրողներին հայտնել են  ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ու ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Վերջինս, ի դեպ, նշել է, որ հանձնաժողովի աշխատանքների հետ կապված ԲՀԿ ներկայացված առաջարկները, ըստ ամենայնի կընդունվեն, սակայն թե խոսքը կոնկրետ ինչ առաջարկությունների մասին է չմանրամասնեց:

«Քաղաքական մեծամասնությունն , իհարկե, շատ վատ արեց, որ մեր նախագիծը մերժեց, սակայն այս պարագայում, երբ իրենք բերում են մի նախագիծ, որում նաև մեր մտահոգություններն են արտահայտված, մենք ինքնանպատակ հակադրվելու խնդիր չենք տեսնում: Կարևոր է, որ խիստ մտահոգիչ հարցերը քննարկվեն ու փորձենք այդ հարցերի պատասխանները ստանալ»,- նշել է Ն.Զոհրաբյանը:

Իսկ ահա ՀԱԿ-ը դեռ կքննարկի հանձնաժողովում իրենց մասնակցության հարցը, քանի որ համանուն խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով, մեծամասնությունը փոխել է խաղի կանոնները, քննարկման ժամանակ նախագծում փոփոխություններ է կատարել, որոնք վերաբերում են մասնավորապես հանձնաժողովի գործունեության հրապարակայնությանը:

«Սա մեր համար լուրջ խոչընդոտ է, այնպես որ դեռ մեր մասնակցության հարցը կքննարկենք: Ինձ համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը նշանակում է բաց գործընթաց, և եթե ժողովրդավարությունը չի պահպանվում, պետք է մտածենք մեր մասնակցության մասին»,- հավելել է  Լ.Զուրաբյանը:


 

Placeholder
ՀԱԿ-ը հնարավոր է չմասնակցի գազի հարցերով հանձնաժողովի աշխատանքներին