«Երևան մոլի» տարածքում ուրարտական ժամանակաշրջանի դամբարան կա
Տնտեսություն
17:13 20/02/2014

«Երևան մոլի» տարածքում ուրարտական ժամանակաշրջանի դամբարան կա

«Երևան մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնը ստեղծել է շուրջ 2000 աշխատատեղ: Կենտրոնի տարածքում ներկայացված են 120 խանութներ: Այս մասին կենտրոնի տարածքում շրջայց կատարելուց հետո ասաց «Երևան մոլի» գլխավոր տնօրեն Վազիկ Սեկոյանը:

Ըստ նրա, երկհարկանի կենտրոնը զբաղեցնում է 60 հազար քմ ընդհանուր տարածք, ամբողջովին համապատասխանում է եվրոպական չափանիշներին: Ներդրման ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 50 միլիոն դոլար: Վ. Սեկոյանն ասաց, որ սեփականատերերը երեք ընկերություններ են, որոնցից միայն մեկն է տեղական, որի ղեկավարը գործարար Նորայր Խաչատրյանն է:

«Երևան մոլի» մարքեթինգի տնօրեն Շուշան Ավագիմյանն էլ ասաց, որ կենտրոնի շնորհիվ Հայաստանում առաջին անգամ ներկայացված են լինելու տասնյակից ավել նոր բրենդներ:

«Երևան մոլ»-ի ճարտարապետական նախագծերը մշակվել և իրականացվել են «Բրոդվեյ Մալյան» միջազգային կազմակերպության և «Արխանգել» ճարտարապետական ընկերության կողմից:

Ընկերության տնօրեն ճարտարապետ Արտակ Կնյազյանն ասաց, որ շինությունն իրենից ներկայացնում է առանձնահատուկ ճարտարապետական կերպար. «Ժամանակակից կառույց է, պարզ լուծումներով, թեթև, բայց շատ տարբերվող է: Կենտրոնում ներկայացված են այն բոլոր գույները, որոնք հանդիպում ենք Երևանում»:

Ըստ նրա, կառույցում կարելի է հանդիպել նաև հայ ժողովրդի հնագույն պատմությանը. «Խորհրդային շրջանում այստեղ եղել է ավտոդետալների գործարան: Այդ շրջանում այստեղ հայտնաբերվել է ուրարտական ժամանակաշրջանի դամբարան: Մենք Էրեբունի թագարան-արգելոցի մասնագետների հետ խորհրդակցել ենք ու այն ռեզերվացրել: Շուրջը բարեկարգել ենք, հաճախորդներին թույլ ենք տալու մտնել ու տեսնել այն՝ ծանոթանալով մեր պատմությանը»,- ասաց ճարտարապետը: Ա. Կնյազյանի խոսքով, շենքի ներքին հարդարման մեջ կարելի է տեսնել ուրարտական ժամանակշրջանի սեպագիր արձանագրություններ:

Նշենք, որ այսօր «Երևան մոլ» այցելել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու այլ պաշտոնատար անձիք: Նրանք շրջայց են կատարել առևտրի կենտրոնում:

«Երևան մոլ»-ն իր դռներն այցելուների առջև կբացի փետրվարի 21-ին:

Նախորդող հրապարակում՝

«Carrefour»-ը կբացվի սեպտեմբերին «Երևան Մոլ»-ում

Placeholder
«Երևան մոլի» տարածքում ուրարտական ժամանակաշրջանի դամբարան կա