Լեյդենի համալսարանում քննարկվել է հայագիտական ամբիոնի վերականգման հարցը
Կրթություն, գիտություն
15:00 21/02/2014

Լեյդենի համալսարանում քննարկվել է հայագիտական ամբիոնի վերականգման հարցը

Նիդերլանդների Թագավորությունում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Լեյդենի համալսարանի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է համալսարանում հայագիտական ամբիոնի վերականգման հարցը, որը գործել է 1994-2009 թվականներին և փակվել համալսարանի ֆինանսական դժվարությունների պատճառով:

Կրթության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ամբիոնի վերականգման համար հայկական կողմն առաջարկել է համագործակցային բազմաշերտ ծրագիր՝ հայագիտության բնագավառում Հայաստանի առաջատար բուհերի մասնակցությամբ, մասնավորապես, ուսանողների պրակտիկաների կազմակերպման, պրոֆեսորադասախոսական կազմի փոխանակման և համատեղ գիտական ծրագրերի իրականացման ուղղություններով:

Կողմերը քննարկել են նաև Լեյդենի համալսարանի և Երևանի պետական և պետական բժշկական համալսարանների միջև համագործակցային համաձայնագրերի ստորագրման հնարավորությունները մի շարք ուղղություններով՝ բժշկակենսաբանություն, աստղագիտություն, հիմնարար գիտություններ: Հայկական պատվիրակությունն այցելել է նաև համալսարանի գրադարան, որտեղ առկա են ավելի քան 250 հայալեզու հին տպագիր գրքեր:

Հանդիպումներին մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:

Placeholder
Լեյդենի համալսարանում քննարկվել է հայագիտական ամբիոնի վերականգման հարցը