«Բացառիկ կինոհանճար»… Արտավազդ Փելեշյան (տեսանյութ)
Օրվա թեմա
10:45 22/02/2014

«Բացառիկ կինոհանճար»… Արտավազդ Փելեշյան (տեսանյութ)

Կինոռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ և ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանը համաշխարհային վավերագրական կինոյի հայտնի դեմքերից է: Նրա մշակած «տարածական մոնտաժի» մեթոդը նոր խոսք է կինոյի պատմության մեջ:

1938 թվականի հենց այս օրն է Գյումրիում ծնվել Ա. Փելեշյանը: 

Արտավազդ Փելեշյանը 1968 թ-ին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը: Ուսանելու տարիներին նկարահանել է «Լեռնային պարեկ» (1964 թ.), «Մարդկանց երկիրը» (1966 թ.), «Սկիզբը» (1967 թ.) վավերագրական ֆիլմերը, որոնք առանձնանում են նուրբ ճաշակով, գեղարվեստական ուրույն ոճով և կինոլեզվի թարմ արտահայտչամիջոցներով:


1969 թ-ին Փելեշյանը նկարահանել է «Մենք» (Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմ) կինոնկարը, որտեղ առաջին անգամ օգտագործել է «տարածական մոնտաժի» հիմնատարրերից. նա նախընտրել է կարևոր կադրերը տեղադրել իրարից հեռու, որոնք հնչյունների ուղեկցությամբ հանդիսատեսի վրա ունենում են առավելագույն ներգործություն:

«Երբ իմ ֆիլմն անվանեցի «Մենք», ես նկատի եմ ունեցել հայ ժողովրդին, որը, սակայն, մեծ ՄԵՆՔ-ի ընդամենը մի մասն է»,- ասել է Արտավազդ Փելեշյանը:

«Տարվա եղանակները» (1975 թ.) և «Մեր դարը» (1982 թ., ՀՀ Պետական մրցանակ՝ 1985 թ.) կինոպոեմներին բնորոշ են թե՜ նուրբ քնարականությունը, թե՜ էպիկական հզոր շունչը: 



Փելեշյանը պատկերահնչյունային մոնտաժի բարձր վարպետությամբ է ստեղծել «Վերջ» (1992 թ.) և «Կյանք» (1993 թ.) ֆիլմերը: Լավագույններից են նաև «Աշնանային հովվերգություն» (1971 թ.), «Աշնանային շուկայի գույները» (1985 թ.) կինոնկարները:

Փելեշյանի կինոարվեստն ընդարձակել է «կինո» հասկացության սահմանները. ստիպում է վերանայել հանրահայտ ճշմարտություններ և պայմանականություններ: Նրա ֆիլմերը մեծ ճանաչում ունեն աշխարհում: Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը Փելեշյանին անվանել է «բացառիկ կինոհանճար»:

Փելեշյանը նկարահանվել է «Մենք ենք, մեր սարերը» կինոնկարում (1969 թ.)՝ Ռևազի դերում: Նա «Տարածական մոնտաժ» (1974 թ., «Վոպրոսի կինոիսկուսստվա», պրակ 15) աշխատության մեջ շարադրել է մոնտաժի իր տեսությունը:

«Իմ սիրելի և հարգարժան վարպետի՝ Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը լի են հզոր ինքնավստահությամբ ու անկախությամբ, որտեղ իշխում են գաղափարները, ոչ թե գործող անձինք կամ անհատները»,- ասել է սցենարիստ և քննադատ Լեոնիդ Գուրևիչը:

Փելեշյանը պարգևատրվել է ՀՀ Սբ Մեսրոպ Մաշտոցի (1996 թ.) շքանշանով, արժանացել Մեծ (2000 թ., միջազգային կինոփառատոն, Փարիզ), «Փարաջանովյան Թալեր» (2006 թ., «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոն, Երևան) մրցանակների:

«Իմ կուռքը կինոյում հայ վավերագրող Արտավազդ Փելեշյան-հանճարն է: Եթե ես կայծեր եմ արձակում, ապա նա՝ գնդակերպ շանթեր»,- ասել է կինոռեժիսոր Ռեջիո Գոդֆրին:

Նախորդիվ՝ 

 Ես մոնտաժում եմ ոչ միայն ներկա, այլև բացակա պատկերները. Արտավազդ Փելեշյան (տեսանյութ)

Placeholder
«Բացառիկ կինոհանճար»… Արտավազդ Փելեշյան (տեսանյութ)