Սահմանը հատած ՀՀ քաղաքացիների մասին նորություններ չկան
Հասարակություն
11:07 25/02/2014

Սահմանը հատած ՀՀ քաղաքացիների մասին նորություններ չկան

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ադրբեջանական պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Իլահա Հուսեյնովան ադրբեջանական «ANS PRESS»-ի փոխանցմամբ, անդրադարձել է հունվարի 28-ին հայ ադրբեջանական սահմանը հատած ՀՀ քաղաքացի Մամիկոն Խոջոյանի առնչությամբ տարվող բանակցություններին:

Վերջինը հայտնել է, որ Կարմիր Խաչը կարող է հետ վերադարձնել գերուն այն դեպքում, երբ կողմերն այդ հարցում համաձայնության գան. կարևոր է նաև գերու համաձայնությունը:

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան պատվիրակությունից Panorama.am-ը փորձեց ճշտել, թե ինչպե՞ս կարող են այդ բանակցությունները Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարվել, եթե կողմերի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան:

ԿԽՄԿ-ից միայն հայտնեցին, որ գերիների հարցի կարգավորման վերաբերյալ բանակցությունները դեռ շարունակվում են ու այս պահին հրապարակման ենթակա տեղեկատվություն չունեն` խորհուրդ տալով, այս հարցով դիմել Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ հանձնաժողովը ղեկավարում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Panorama.am-ը նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ինչ փուլում են բանակցությունները:

«Իրականում բանակցությունները որպես կանոն բավականին բարդ են ընթանում, որովհետև ուղղակի կապ, հասկանալի պատճառներով, Ադրբեջանի հետ չկա ու այն ընթանում է Կարմիր Խաչի միջոցով»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:

Բանախոսը նշեց, որ Կարմիր Խաչի հետ նախարարությունն ինտենսիվ աշխատում է, սակայն այս պահի դրությամբ գերիների ճակատագրի հետ կապված որևէ նոր բան չի կարող հաղորդել:

«Նորություններ չունենք, իրական արդյունքների մասին դեռ չենք կարող որևէ բան հաղորդել»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ այս պահին բանակցություններ են տարվում 2013 թվականի օգոստոսի 9-ին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գիծը հատած զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի և 2014 թվականի հունվարի 28-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած, քաղաքացիական անձ հանդիսացող Մամիկոն Խոջոյանի հարցերով:

Placeholder
Սահմանը հատած ՀՀ քաղաքացիների մասին նորություններ չկան