Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
xxxxxxxxxx«Երևանի համար մեծ պատիվ է դառնալ Եվրոպական կրթական տարածքի մայրաքաղաք»
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր 2015 թվականին կրթության նախարարների միջազգային գագաթաժողովին ընդառաջ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: Այս մասին տեղեկացնում են ԿԳՆ մամուլի ծառայութունից:
Արմեն Աշոտյանը նշել է, որ հանրակրթության ոլորտում քաղաքապետարանն ու նախարարությունը համագործակցության մեծ փորձ ունեն, իսկ բարձրագույն կրթության ոլորտում նոր ուղղություն է:
Նա ասել է, որ 2012 թվականից Հայաստանը ստանձնել է Բոլոնիայի քարտուղարության իրականացումը և փաստացի արդեն երկու տարի անընդմեջ Երևանը դարձել է եվրոպական կրթության մայրաքաղաքը:
«Նախարարական գագաթաժողովը քարտուղարության կարևորագույն միջոցառումն է, որը իրադարձություն է ոչ միայն կրթական համակարգի, այլև մեր պետության և, անշուշտ, մայրաքաղաքի համար: Քարտուղարությունը ստանձնելուց ի վեր հայաստանյան թիմի աշխատանքը գնահատվում է արդյունավետ: Ես վստահ եմ, որ երևանյան նախարարական գագաթաժողովը լինելու է լավագույններից մեկը Բոլոնիայի պատմության մեջ»,- ասել է նախարարը:
Նա հավելել է, որ Եվրոպայի ուսանաղական միության կողմից Երևանը հայտարարվել է նաև 2015 թվականի ուսանողական մայրաքաղաք: Այս երկու իրադարձությունները, Աշոտյանի գնահատմամբ, կրթական համակարգի միջազգայնացման համար ունեն կարևոր նշանակություն և կարող են պատմական դառնալ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է կրթության և գիտության նախարարության և անձնապես նախարար Աշոտյանի ջանքերը Բոլոնիայի գործընթացի նախագահությունը ստանձնելու ուղղությամբ:
«Երևանի համար մեծ պատիվ է դառնալ Եվրոպական կրթական տարածքի մայրաքաղաք: Անցկացվող ցանկացած միջոցառում մեզ համար կարևոր է, առավել ևս, եթե այն վերաբերում է կրթության ոլորտի ձեռքբերումներին»- ասել է Տարոն Մարգարյանն ու վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանը իր լիազորությունների շրջանակում կաջակցի նախարարական գագաթաժողովի աշխատանքներին: