Սերժ Սարգսյան. «ՀՀ-ի կողմից ՄՄ-ին անդամակցումը չի խոչընդոտի Վրաստանի հետ հարաբերությունների խորացմանը»
Քաղաքական
16:48 27/02/2014

Սերժ Սարգսյան. «ՀՀ-ի կողմից ՄՄ-ին անդամակցումը չի խոչընդոտի Վրաստանի հետ հարաբերությունների խորացմանը»

«Ողջունում եմ պարոն Մարգվելաշվիլիի այցը Հայաստան և կարևորում: Մենք քննարկեցինք հայ-վրացական հարաբերությունների ողջ օրակարգը»,-այսօր ՀՀ նախագահի նստավայրում հյուրընկալելով երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելշվիլիին` լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Երկրի ղեկավարը նշեց, որ հայ և վրացի ժողովուրդների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները տարածաշրջանում կայունության պահպանման լավագույն հիմքն են հանդիսանում:

«Վերջին շրջանում արձանագրվել է  երկկողմ հարաբերությունների ակտիվացում: 2013թ.-ին տեղի են  ունեցել մեկ վարչապետական և 15 նախարարական այցեր, ինչը խոսում է քաղաքական բարձր մակարդակի երկխոսության մասին»,-նշեց Ս. Սարգսյանը:

Նախագահը վստահություն հայտնեց, որ հայ-վրացական միջկառավարական նիստը կնախանշի հայ-վրացականա հարաբերությունների հետագա զարգացման ուղենիշները:

Ս. Սարգսյանը նշեց, որ ՀՀ-ի որոշումը` միանալու ՄՄ-ին և Վրաստանի կոմից ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը չեն խոչընդոտի երկկողմ հարաբերություններին և կնպաստեն հայ և վրացի գործարարների համագործակցությանը:

«Մենք անդրադարձանք նաև ՀՀ-ի մասնակցությանը` եվրասիական տարածաշրջանում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացներին: Անդրադարձ եղավ նաև տարածաշրջանային անվտանգության հետ կապված խնդիրներին»,-նշեց երկրի ղեկավարը:

Ս. Սարգսյանն ասաց նաև, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ միջազգային նորմերի հիման վրա, բանակցությունների միջոցով:

«Ես խնդրեցի պարոն նախագահին` շնորհակալություն փոխանցել Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին, ով իր անձնական միջոցների հաշվին նպաստել է Թբիլիսիի հայկական եկեղեցիներից մեկի վերականգնմանը»,-նշեց ՀՀ նախագահը:

Երկրի ղեկավարի խոսքով, այս այցը որակական նոր լիցք կհաղորդի հայ-վրացական եղբայրական հարաբերությունների ամրապնդմանը և երկկողմ ողջ ներուժի օգտագործմանը:

Իր հերթին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին` ջերմ ընդունելության համար և հայտարարեց, որ կարևորում է այս այցը հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից:

Նա նշեց, որ ՀՀ- նախագահի հետ հանդիպման ընթացքում կարևորվեց հայ ժողովրդի դերը Վրաստանի քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտների զարգացման գործում:

«Իմ պատվիրակության մեջ ազգությամբ հայ քաղաքական գործիչներ, պատգամավորներ կան, ինչը շատ կարևոր հանգամանք է: Այս հանդիպումը ամուր հիմք է ստեղծում հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացման համար»,-հայտարարեց  Գ. Մարգվելաշվիլին:

Նրա խոսքերով, իրենք ամեն ինչ անելու են հայ-վրացական հարաբերությունները խորացնելու համար. «Մենք կապված ենք ոչ միայն դարավոր բարեկամական կապերով, այլ նաև տնտեսապես ամուր կապերով: Մենք սպասում ենք ՀՀ նախագահի այցին Վրաստան և արդեն հրավիրել ենք պարոն Սարգսյանին մեր երկիր»:

Նրա խոսքերով, իրենք իրականացրել են այցեր երեք հարևան երկրներ և բոլոր հարևանները կարևորում են Վրաստանի հետ հարաբերությունների խորացումը:

«Տնտեսական հարաբերությունների խորացումը հարևանների հետ Վրաստանի առաջնահերթություններն են: Մենք ամեն ինչ անելու ենք այս առաջնահերթությունները առաջ տանելու համար»,-նշեց Մարգվելաշվիլին:

Վրաստանի նախագահը շնորհակալություն հայտնեց Սերժ Սարգսյանին ջերմ ընդունելության համար:

Placeholder
Սերժ Սարգսյան. «ՀՀ-ի կողմից ՄՄ-ին անդամակցումը չի խոչընդոտի Վրաստանի հետ հարաբերությունների խորացմանը»