Իգոր Պոպով. ԼՂ հակամարտության կողմերի մոտ նկատվում է առաջ շարժվելու տրամադրվածություն
Քաղաքական
17:35 03/03/2014

Իգոր Պոպով. ԼՂ հակամարտության կողմերի մոտ նկատվում է առաջ շարժվելու տրամադրվածություն

 ԼՂ հակամարտւթյան կողմերի մոտ նկատվում է առաջ շարժվելու տրամադրվածություն: Ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալության հետ զրույցում այս մասին նշել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:

Ռուսաստանցի համանախագահը նշել է, որ երկարատև ընդմիջումից հետո 2013 թ նոյեմբերի 19-ի Վիեննայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

«Քննարկվել է ԼՂ հակամարտության հետ կապված հարցերի լայն շրջանակ: Կողմերը համաձայնվել են ինտենսիվացնել բանակցային գործընթացը: Առանձնացվել են առանցքային ուշադրություն պահանջող առաջնահերթ ուղղությունները: Արտաքին գործերի նախարարները ստացել են համապատասխան ցուցումներ, որոնց հիման վրա խորհրդակցություններ են ընթանում: Է. Նալբանդյանը և Է. Մամեդյարովը երկու հանդիպում են անցկացրել, որոնց ընթացքում առարկայական քննարկվել են առավել վիճելի հարցերը»,- ասել է Իգոր Պոպովը:

Ռուսաստանցի համանախագահի խոսքերով` քննարկումների արդյունքում ի հայտ են եկել որոշ դրական կողմեր:
«Սակայն դիրքորոշումների մերձեցումը, որը միտված է հավասարակշռված որոշման կայացմանը, հեշտ չի տրվում: Բանակցային գործընթացի դժվարությունները համապատասխանում են բուն հիմնախնդրի խորությանն ու բարդությանը»,- նշել է Ի. Պոպովը` հավելելով որ ԼՂ հակամարտւթյան կողմերը ունեն առաջ շարժվելու տրամադրվածություն:

Ռուս դիվանագետը շեշտել է, որ այս պահին ՄԽ համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ առանձին խորհրդակցությունների շարք են անցկացնում: Փետրվարի 22-ին կայացել է Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումը, իսկ մոտ ժամանակներս նախատեսվում են Էլմար Մամեդյարովի հետ բանակցությունները:

Համանախագահի խոսքերով, երկու կողմերի համար ընդունելի տարբերակների ի հայտ գալու հետ զուգահեռ, հնարավոր կլինի վերադառնալ համատեղ հանդիպումներին, ապա նաև քննարկել գագաթաժողովի անցկացման հարցը, ինչի վերաբերյալ և Վիեննայում պայմանավորվել են նախագահները:

Դիվանագետն ասել է նաև, որ վերոնշյալ հանդիպումների ընթացքում արծարծվել են կողմերի միջև լարվածության թուլացման, գերիների և զոհվածների մարմինների փոխանակման, զինված միջադեպերի հետաքննության անցկացման, մարդասիրական շփումների անցկացման հարցերը:

Placeholder
Իգոր Պոպով. ԼՂ հակամարտության կողմերի մոտ նկատվում է առաջ շարժվելու տրամադրվածություն