Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը «Սովետսկի սպորտին» տված հարցազրույցում պատմել է, թե ինչու է Ռուսաստանի թիմի նկատմամբ հաղթանակը կարևոր, նաև հույս է հայտնել, որ «Կուբան» մարզադաշտում Հայաստանի դրոշներն ավելի շատ կլինեն, քան Ռուսաստանինը:
- Ովքե՞ր են ձեզ համար ամենավտանգավոր ֆուտբոլիստները Ռուսաստանի հավաքականում:
- Դիմա Կոմբարովը և Դենիս Գլուշակովը:
- Օ, հաճելին եք մատուցում թիմակիցներին: Իհարկե, Գլուշակովն էլ քեզ ու Օզբիլիսին ընդհանրապես «սուպերսթար» է անվանել: Բայց իմ հարցը վերաբերում է Ռուսաստանի հավաքականի ավագին: Ռոման Շիրոկովն օրերս հեռացել է «Զենիթից»` դառնալով «Կրասնոդարի» ֆուտբոլիստը: Ինչպե՞ս եք գնահատում այդ տեղափոխությունը:
- Շիրոկովը մեծագույն ֆուտբոլիստ է, լավագույններից մեկը` Ռուսաստանում, իսկ «Կրասնոդարը» լավ թիմ է: Դա գերազանց գործարք է: «Կրասնոդարը» պետք է որ դուր գա Շիրոկովին:
- Շիրոկովի տեղափոխությունը կօգնի՞ թիմին` հայտնվելու եվրոպական ակումբային մրցաշարերի գոտում:
- Անկասկած: Նա հենց դրա համար էլ տեղափոխվել է:
- Մի անգամ ասացիք, որ երազում եք Հայաստանի հավաքականի կազմում խաղալ աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունում: Ի՞նչ մտածեցիք, երբ հայտնի դարձան «Եվրո-2016»-ի վիճակահանության արդյունքները: Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Դանիայի, Պորտուգալիայի, Սերբիայի ու Ալբանիայի թիմերը: Երազանքը կիրականանա՞:
- Իմ երազանքը երբեք չի փոխվի: Եվ տարբերություն չկա, թե որ թիմերն են մեր մրցակիցները: