Կարեն Վրթանեսյան.«Եթե ռուսները կորցնեն Ղրիմը, տարածաշրջանում առաջատարի դերը կստանձնի Թուրքիան»
Քաղաքական
11:29 04/03/2014

Կարեն Վրթանեսյան.«Եթե ռուսները կորցնեն Ղրիմը, տարածաշրջանում առաջատարի դերը կստանձնի Թուրքիան»

«Եթե ՌԴ-ն կորցնի Ղրիմը, որտեղ գտնվում է  ռուսական ամենակարևոր ռազմակայանը՝ Սևաստոպոլը, ապա տարածաշրջանային լիդերը կդառնա Թուրքիան: Թուրքիայի և ՌԴ-ի ռազմածովային ուժերի միջև գոյություն ունեցող այսօրվա բալանսը շատ փխրուն է»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ղրիմի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին` ասաց ռազմաքաղաքական ուսումնասիրությունների դպրոցի կազմակերպիչ, Զորակն հիմնադրամի հոգաբարձու, փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

«ՌԴ-ի հետաքրքրությունները Ղրիմի նկատմամբ կապված են ռուսական աշխարհաքաղաքական շահերով»,-նշեց Կ. Վրթանեսյանը:

Բանախոսի  խոսքերով, Ուկրաինան նախորդ տարի հայտարարեց, որ անցնում է պրոֆեսիոնալ բանակին և այսօր Կիևը հայտնվեց այնպիսի իրավիճակում, որ չի կարող վերահսկել պաշտոնապես ճանաչված իր սահմանները:

«Այսօրվա ուկրաինացի զինվորականները չգիտեն, թե ում հրամաններին ենթարկվեն: Շատ կարևոր հանգամանք է, որ Ուկրաինայի ԶՈւ-ի սպայակազմում մեծ թիվ են կազմում ազգությամբ ռուսները»,-նշեց Կ. Վրթանեսյանը:

Իր հերթին, թուրքագետ Գևորգ Պետրոսյանը անդրադառնալով Ղրիմի հարցին նշեց, որ Ղրիմի խանությունը առաջացել է 15-րդ դարում և որպես վասալ պետություն ենթարկվում էր Օսմանյան կայսրությանը:

«Ռուսական և Օսմանյան կայսրությունները դարեր շարունակ պատերազմել են միմյանց դեմ՝ Ղրիմին տիրելու համար»,-նշեց Գ.Պետրոսյանը:

Նրա խոսքերով, Թուրքիան որոշակի հավակնություններ ունի Ղրիմի նկատմամբ, ինչը պայմանավորված է Ղրիմի թաթարների գործոնով:

«Պաշտոնական Անկարան փորձում է իր ազդեցությունը ամրապնդել Ղրիմում: Արտգործնախարար Դավութօղլուն այցելել է Կիև և հանդիպել է Ղրիմի թաթարների առաջնորդների հետ: Դավութօղլուն մեսիջ է ուղարկել՝ հայտարարելով, որ Թուրքիան աջակցելու է Ղրիմի թաթարներին և Անկարայի շահերից չի բխում Ղրիմի միացումը ՌԴ-ին»,-նշեց Գ.Պետրոսյանը:

Placeholder
Կարեն Վրթանեսյան.«Եթե ռուսները կորցնեն Ղրիմը, տարածաշրջանում առաջատարի դերը կստանձնի Թուրքիան»