Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դավութօղլուն ներկայացրել է Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումն ու անելիքները Ղրիմի հարցում
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտնել է, որ Ղրիմի ինքնավար մարզի խորհրդարանի ընդունած ինքնավարության կարգավիճակի մասին մարտի 16-ին հանրաքվե անցկացնելու մասին որոշումը խորապես մտահոգել է պաշտոնական Անկարային: Այս մասին նախարարը խոսել է Թուրքմենստանի փոխվարչապետի և արտգործնախարարի հետ ունեցած հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
«Թուրքիան Ռուսաստանի և Ուկրաինայի հետ ռազմավարական գործընկերություն ունի: Եվրասիական տարածաշրջանում տարածքային ամբողջականության թեմայով նոր քննարկումների ի հայտ գալը սպառնալիքներ է ստեղծում: Ուկրաինայի տրոհումը կարող է մեծ խռովությունների պատճառ դառնալ և անկայունություն հրահրել հատկապես սևծովյան ավազանում»:
Ըստ թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալության` Դավութօղլուն նշել է, որ Թուրքիայի համար ամենից կարևորը Ղրիմի իրենց եղբայրների ապագայի հարցն է: Պատմել է, որ իրենք այդ ուղղությամբ արդեն տևական ժամանակ ակտիվ աշխատանքներ են տանում:
«Մեր գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչներն Օդեսայից անցել են Ղրիմ ու հանդիպում են տեղի իշխանավորների հետ: Մի պատվիրակություն էլ պատրաստվուն ենք Անկարայից ուղարկել»:
Դավութօղլուն նաև նշել է, որ Թուրքիան ամեն ջանք գործադրելու է Ղրիմում էթնիկ բախումները կանխելու համար: Ղրիմի թաթարների իրավունքների պաշտպանության հարցում Թուրքիան եղել է ու կլինի վճռական և այդ նպատակին է շարունակում ծառայեցնել իր դիվանագիտական ներուժը:
Դավութօղլուն պատմել է անցած շաբաթ Ուկրաինայում անցկացրած իր մի շարք հանդիպումների և քննարկված հարցերի մասին: Ըստ նրա` օրակարգում դրված հարցերից սկզբունքային են եղել հատկապես երկուսը`
1. Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանում
2. Կիևում այնպիսի կառավարության ձևավորում, որտեղ ներկայացված կլինեն էթնիկ ու կրոնական բոլոր խմբերը:
«Թուրքիայի դիրքորոշումն այս հարցում շատ պարզ է և հստակ. Ղրիմը, որպես Ուկրաինայի մի մաս, պահպանելով իր ինքնավար լիազորությունները, պետք է մնա էթնիկ խմբերի խաղաղ համակեցության թերակղզի»,- հստակեցրել է Դավութօղլուն: