Աշխատանքներ են տարվում հայ-սերբական հարաբերությունները խորացնելու ուղղությամբ
Քաղաքական
12:49 10/03/2014

Աշխատանքներ են տարվում հայ-սերբական հարաբերությունները խորացնելու ուղղությամբ

Հայաստան-Սերբիա հարաբերություններն առաջիկայում ավելի են խորանալու: Այդ ուղղությամբ իրականացվելու են տարբեր քայլեր, այդ թվում նաև ամրապնդվելու է իրավապայմանագրային դաշտը: Այս մասին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչի համատեղ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում ասաց Էդվարդ Նալբանդյանը:

«Մեր հանդիպմանը խոսել ենք երկկողմ հարաբերություններից, միջազգային հարցերի մասին: Համաձայնության ենք եկել առավել շատ ջանքեր գործադրել խորացնելու մեր համագործակցությունը: Մինչ այժմ ունենք երկկողմանի հինգ պայմանագիր, այսօր ստորագրվեց ևս մեկը», -ասաց ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը:

Ըստ նրա, հաջորդ հանդիպումների ժամանակ տարբեր ոլորտներին վերաբերող նոր պայմանագրեր կստորագրվեն:

Իվան Մրկիչն իր խոսքում ասաց, որ հայերը և սերբերը վաղեմի բարեկամներ են, դարեր շարունակ հայեր են ապրում Սերբիայում, որոնք Սերբերի եղբայրներն են:

«Ելնելով անցյալի հիմքից, ցանկանում ենք ստեղծել կայուն, ընդհանուր ապագա: Համատեղ իրագործելու ենք տարբեր ծրագրեր: Այդ նպատակով ստորագրվելու են նոր համաձայնագրեր»,- ասաց նա՝ միաժամանակ տեղեկացնելով, որ ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Սերբիայի նախագահի գալիք այցը Երևան, որը կայանալու է այս տարվա ընթացքում:

Ի. Մրկիչը նաև ասաց, որ Սերբիան որպես ԵԱՀԿ-ի հաջորդ նախագահող, ցուցաբերելու է հավասարակշիռ մոտեցում, հնարավոր ջանքերը գործադրելու է բարելավելու իրավիճակն այն երկրներում, որտեղ անհրաժեշտ է այդ բարելավումը:

Placeholder
Աշխատանքներ են տարվում հայ-սերբական հարաբերությունները խորացնելու ուղղությամբ