Սերբիան շահագրգռված է ակտիվացնել Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները. Իվան Մրկիչ
Տնտեսություն
13:30 11/03/2014

Սերբիան շահագրգռված է ակտիվացնել Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները. Իվան Մրկիչ

Հայաստանը շարունակում է աշխատանքներ իրականացնել գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ և իզուր չէ, որ Doing Business-ի ցուցանիշով ԱՊՀ երկրների շարքում Հայաստանն առաջին տեղն է գրավում: Այսօր Երևանում անցկացվող հայ-սերբական գործարար համաժողովի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը` սերբ գործարարներին ներկայացնելով Հայաստանի տնտեսական քաղաքականությունը:

Ըստ նրա` Հայաստանն ունի երեք գերակա ուղղություն: Առաջինը` բիզնես միջավայրի բարելավումն է: Երկրորդ ուղղությունը, ըստ Վ. Ավանեսյանի, արտաքին տնտեսական հարաբերություններն են:

«Դուք գիտեք Հայաստանի մտադրության մասին` անդամակցել Մաքսային միությանը, և կարծում ենք, որ այս քայլով Հայաստանը ավելի գրավիչ կարող է դառնալ արտաքին ներդրողների համար: Բացի այդ` Ռուսաստանը Սերբիայի հետ ունենալով ազատ առևտրի համաձայնագիր, կարծում եմ, որ հնարավոր սցենար կարող է լինել ապագայում նաև մեր երկրների միջև ազատ առևտրի համաձայնագիր ունենալը»,- ասաց Վ.Ավանեսյանը:

Անդրադառնալով երրորդ ուղղությանը, նախարարը նշեց, որ դա վերաբերում է արդյունաբերական քաղաքականությանը: Ըստ նրա` Հայաստանում արդեն ստեղծվել են մի քանի ազատ տնտեսական գոտիներ, և նա սերբ գործարարներին հրավիրեց ծանոթանալ այն հնարավորություններին, որոնք տալիս են այդ ազատ տնտեսական գոտիները: Մասնավորապես, տնտեսական գոտում ներդրողները ազատվում են բոլոր հնարավոր հարկերից, ինչպես նաև հեշտացվել են վարչարարական խնդիրները:

Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչն էլ նշեց, որ նախկինում Հայաստանն ու Սերբիան ապացուցել են, որ կարող են միմյանց օգտակար լինել դժվարին ժամանակներում և դրանք հաղթահարել միասին: Այդուհանդերձ, ըստ նրա, ժամանակն է խթանելու Հայաստանի և Սերբիայի տնտեսական հարաբերությունները:

«Սերբիան շահագրգռված է ավելացնել Հայաստանի հետ առևտրաշրջանառությունը և բազմազանեցնելու ներգրավված ապրանքատեսակները»,- ասաց Իվան Մրկիչը:

Նրա խոսքերով` 2013թ-ին երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները եղել են աննշան, ուստի Սերբիան շահագրգռված է ակտիվացնել Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները, այդ թվում` ստեղծել համատեղ ձեռնարկություններ, կոոպերացիաներ կամ երրորդ շուկաներում ունենալ միասնական մասնակցություն:

«Մենք, իհարկե, կշարունակենք պահպանել արդյունաբերական ապրանքների և շինարարական նյութերի արտահանման միտումները, բայց Սերբիան ունի մեծ ներուժ գյուղատնտեսական արտադրության, սննդամթերքի վերամշակման, դեղագործական, քիմիական արդյունաբերության, նավթարդյունաբերության բնագավառներում, ուստի ժամանակն է դրանք ևս օգտագործել»,- ընդգծեց Սերբիայի արտգործնախարարը:

Բացի այդ, ըստ Իվան Մրկիչի, հայ-սերբական տնտեսական հարաբերություննեըը կշահեն նաև ավիափոխադրումների ոլորտում համագործակցությամբ, մասնավորապես, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Հայաստանի և Սերբիայի միջև ուղիղ չվերթների իրականացման հարցին:

«Ես վստահ եմ, որ համաժողովի շրջանակներում հայ-գործարարների հանդիպումները խթան կհանդիսանան երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման համար»,- ասաց Իվան Մրկիչը:

Նախորդող` Ռոբերտ Հարությունյան. Հայաստանի և Սերբիայի արտաքին առևտրաշրջանառությունը կտրուկ աճել է

Placeholder
Սերբիան շահագրգռված է ակտիվացնել Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները. Իվան Մրկիչ