Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ, ներկայացնելով Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում, հայտարարել է, որ «պաշտոնական Բաքուն պատրաստ է ստորագրել բազմակողմ խաղաղության պայմանագիրը»:
Միաժամանակ Մամեդյարովն ասել է, որ այս ամենին հասնելուն խոչընդոտում են «հայկական կողմի ապակառուցողական գործողությունները» (հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը):
Գործընթացին անտեղյակ շրջանակները, Ադրբեջանի դիվանագիտական կորպուսի ղեկավարի հայտարարությունից կենթադրեն, թե պրոցեսը եզրափակիչ փուլում է, որտեղ միակ խնդիրը փաստաթուղթ ստորագրել-չստորագրելն է: Ու սա այն դեպքում, որ կողմերը ոչ միայն չեն բանակցել «Խաղաղության պայմանագրի» շուրջ, այլ նույնիսկ չեն համաձայնեցրել «Հիմնարար սկզբունքների փաստաթուղթը»:
Դեռ 2011 թվականին, երբ թվում էր, թե կողմերը շատ մոտ էին «Հիմնարար սկզբունքների» փաստաթղթի ստորագրմանը, Կազանում Ադրբեջանը հետ կագնեց ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունից ու այդպես էլ չստորագրեց փաստաթուղթը: Ավելին, Ադրբեջանը հանդես եկավ 10 նոր առաջարկություններով, որոնք միջնորդների կողմից որակվեցին որպես բանակցային սեղանին դրված փաստաթղթի սկզբունքներին հակասող:
Ստեղծված իրավիճակում, սեփական դեմքը փրկելու նպատակով, Ադրբեջանը հրապարակային դաշտ նետեց թեզն այն մասին, թե Ադրբեջանը պատրաստ է անցնել խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքներին: Դա չհաջողված փորձ էր սեփական հեղինակությունը փրկելու ճանապարհին: Ակնհայտ էր, որ առանց սկզբունքների փոխհամաձայնության, այն է` առանց հիմնական բազայի, անհնար էր անցնել խաղաղության պայմանագրի:
Պարզ ասած, 2011 թվականի կազանյան հանդիպումից ի վեր, Ադրբեջանը միմիայն զբաղված է բանակցային գործընթացի խեղաթյուրմամբ, փաստացի նրա կողմից ձեռնարկված քայլերն ու հայտարարությունները ոչ մի կապ չունեն իրական պրոցեսի հետ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրառում էր կատարել, որում հակիրճ անդրադարձել էր մարտի 10-ին և 11-ին, համապատասխանաբար Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը` ներկայացնելով իր տպավորությունները:
«Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունները փաստում են, որ Հայաստանը ձգտում է խաղաղ կարգավորման Լեռնային Ղարաբաղի հարցում»,- ասել է Ուորլիքը:
Ուորլիքի այս մեկնաբանությունը, ոչ միայն պատասխանն էր Ադրբեջանի ԱԳ նախարարի` Հայաստանին ապակառուցողականության մեջ մեղադրելուն ուղղված հայտարարությանը, այլ գնահատական էր` բանակցային գործընթացում կողմերի դրսևորած իրական նպատակների վերաբերյալ:
Ուղիղ մեղադրանք կամ քննադատություն չուղղելով Ադրբեջանին, այնուամենայնիվ, ամերիկացի դիվանագետը ընդգծում է, որ Հայաստանի ձգտումները` ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործում, միջնորդների կողմից որպես փաստ է ընդունվում:
Փորձագետ Տիգրան Աբրահամյան