ՄԱԿ պաշտոնյաները կոչ են անում պաշտպանել Սիրիայի պատմամշակութային ժառանգությունը
Քաղաքական
17:34 13/03/2014

ՄԱԿ պաշտոնյաները կոչ են անում պաշտպանել Սիրիայի պատմամշակութային ժառանգությունը

Սիրիայի մշակութային ժառանգության` հին քաղաքների, տների ու տաճարների անխնա ոչնչացումը խորացնում է ատելությունը և այն պետք է հրատապ դադարեցվի, հայտարարել են ՄԱԿ և ԱՊԼ պաշտոնյաները` ընդգծելով, որ Սիրիայի հնագույն պատմության պաշտպանությունը սիրիացի ժողովրդի պաշտպանության անբաժանելի մասն է կազմում: Այս մասին ասվում է ՄԱԿ պաշտոնական կայքում:

«Անցյալի ժառանգության ավերումը գողանում է ապագա սերունդների հզոր ժառանգությունը, խորացնում է ատելությունը, հուսահատությունը և խոչընդոտում է հաշտեցումն արագացնելու փորձերը»,-ասվում է են ՄԱԿ գլխավոր քատուղար Բան Կի Մունի, ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) տնօրեն Իրինա Բոկովայի և Սիրիայի հարցով ՄԱԿ և ԱՊԼ հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի համատեղ հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ, որն արվել է Սիրիայի պատերազմի չորս տարին լրանալու կապակցությամբ, ՄԱԿ ներկայացուցիչները հայտնել են, որ սիրիացիները շարունակում են համբերել անտանելի պայմանները և կորուստները, նրանց երկրի հարուստ մշակութային ժառանգությունը հակամարտության պատճառով ավերվում է և թալանվում:

«Համաշխարհային ժառանգության օբյեկտներին զգալի վնաս է հասցվել, իսկ որոշ դեպքերում` անդառնալի: Դրանցից չորսը կիրառվում են ռազմական նպատակներով և վերածվել են մարտի դաշտի»,-ասվում է հայտարարության մեջ` ի նկատի ունենալով Պալմիրայի հնագիտական հուշարձանները, Կրակ դե Շևալյեի ամրոցը, Հյուսիսային Սիրիայի հնագույն գյուղերը և Հալեպ քաղաքը:

Բացի այդ, ՄԱԿ ներկայացուցիչները կոչ են արել բոլոր երկրներին և համապատասխան միջազգային կազմակերպություններին հետևել ու կանխել Սիրիայի արվեստի գործերի մաքսանենգության դեպքերը:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հունիսին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Սիրիայի վեց հնագույն հուշարձանները` Դամասկոսի հին քաղաքը, Հալեպի հին քաղաքը, Պալմիրայի հուշարձանները, Բոսրայի հին քաղաքը, Խաչակիրների Կրակ-դե-Շևալյե և Սալահ Ադ-Դին ամրոցները, ինչպես նաև Հյուսիսային Սիրիայի հնագույն գյուղերը ներառել էր վտանգի տակ հայտնված համաշխարհային ժառանգության ցուցակում:

Placeholder
ՄԱԿ պաշտոնյաները կոչ են անում պաշտպանել Սիրիայի պատմամշակութային ժառանգությունը