«Հրամայականը կա, ցանկությունը կա». Արմեն Աշոտյան
Կրթություն, գիտություն
15:04 19/03/2014

«Հրամայականը կա, ցանկությունը կա». Արմեն Աշոտյան

Շուտով Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտորի թափուր տեղի համար մրցույթ կհայտարարվի: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նա նշեց նաև, որ քննարկվում է երկու բուհերի` ՀՊՃՀ-ի և Ճարտարապետաշինարարական համալսարանների վերամիավորման հարցը:

«Մենք կտանք մեր գնահատականը, թե վերամիավորման դեպքում ինչպիսի արդյունքներ կարող ենք ունենալ, ինչ կառուցվածք, ինչ կադրային փոփոխություններ կարող են լինել, և դրանից հետո միայն կառավարությունը վերջնական որոշում կկայացնի` հաշվի առնելով նաև կոլեկտիվների կարծիքը»,- ասաց նախարարը:

Ա. Աշոտյանը տեղեկացրեց, որ վերոնշյալ բուհերը միասնական են եղել մինչև երկրաշարժը: Երկրաշարժից հետո Ռիժկովի այցից հետո որոշվել էր Հայաստանում առավել մեծ ուշադրություն դարձնել շինարարական ոլորտի կադրերի պատրաստմանը, մասնավորապես, աղետի գոտու վերականգման համար երիտասարդ կադրերի պատրաստմանը: Արդյունքում, Պոլիտեխնիկի կազմից առանձնացվել է Ճարտարապետաշինարարական համալսարանը:

«Կարծում եմ՝ այդ պահի համար ճիշտ որոշում էր, բայց գործողության ժամկետը սպառել է, քանի որ ամբողջությամբ ծառայել է իր նպատակին` պատրաստելով բազմաթիվ երիտասարդ կադրեր, որոնց զգալի մասը աշխատել է աղետի գոտում»,- ասաց Աշոտյանը՝ նշելով, որ այսօր ամբողջ աշխարհում բուհերի խոշորացման գործընթաց է գնում, քանի որ փոքր և միջին բուհերը մրցունակ չեն:

«Իհարկե, բացի տեսական վերլուծություններից, գործնականորեն պետք է հասկանանք, թե վերամիավորումից ինչպիսի փոփոխություններ կարող ենք ունենալ»,-ասաց Ա. Աշոտյանը` հավելելով, որ վերջնական որոշում կայացնելուց առաջ պետք է հաշվի առնեն նաև դասախոսների և ուսանողների կարծիքները:

Նախարարը միաժամանակ նշեց, որ բուհերի վերամիավորումից որոշակի կադրային փոփոխություններ կլինեն:

«Բնականաբար, բուհում չի կարող լինել երկու գլխավոր հաշվապահ, 8 պրոռեկտոր և այլն: Մենք այս ամենը կմոդելավորենք, կհասկանանք, թե ինչպիսի հետևանքներ դա կարող է ունենալ: Հրամայականը կա, ցանկությունը կա»,- ասաց Ա.Աշոտյանը:

Նախորդող`

ԿԳ նախարարը` ՀՊՃՀ ռեկտորի հրաժարականի և բուհի ապագայի մասին

Placeholder
«Հրամայականը կա, ցանկությունը կա». Արմեն Աշոտյան