Հայաստանի և Ֆրանսիայի Ազգային արխիվները պատրաստվում են վիրտուալ ցուցահանդեսի
Մշակույթ
11:31 20/03/2014

Հայաստանի և Ֆրանսիայի Ազգային արխիվները պատրաստվում են վիրտուալ ցուցահանդեսի

Առաջին Համաշխարհային պատերազմի 100-ամյակի կապակցությամբ Հայաստանի ու Ֆրանսիայի ազգային արխիվները նախապատրաստում են վիրտուալ ցուցահանդես կազմակերպել: Այս մասին ասուլիսում հայտարարեց Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Նրա տեղեկացմամբ, Հայաստանի Ազգային արխիվը ներկայացնելու է 150 փաստաթուղթ, լուսանկարներ, նույնքան էլ ֆրանսիական արխիվներից:

«Ինչո՞ւ Ֆրանսիայի հետ: Որովհետև Առաջին աշխարհամարտի տարիներին ֆրանսիական բանակի կազմում կռվում էր Արևելյան լեգիոնը, որը իրականում հայկական էր, ուղղակի ֆրանսիական կողմի առաջարկով այն կոչվեց Արևելյան, որպեսզի թուրքական վերաբերմունքը հայերի նկատմամբ այլ լինի: Այդ լեգիոնը մասնակցել է նաև Կիլիկիայի պաշտպանությանը, թուրքերի դեմ կռիվներին: Այս ամենը պետք է ցույց տանք»,- մանրամասնեց Ա. Վիրաբյանը:

Ըստ նրա, ցուցահանդեսն արդեն ապրիլի վերջին կբացվի:

Ազգային արխիվի տնօրենը նաև տեղեկացրեց, որ ներկայումս աշխատանքներ են իրականացնում ՌԴ-ում Առաջին աշխարհամարտի 100-ամյակի կապակցությամբ կազմակերպվելիք ցուցահանդեսոմ Կովկասյան ռազմաճակատին նվիրված առանձին հատվածով ներկայացնելու ուղղությամբ: Բացի այս, Ա. Վիրաբյանն ասաց, որ պատրաստում են մի ժողովածու, որը կոչվում է «Հայերի մասնակցությունն առաջին Համաշխարհային պատերազմին»:

«Մեր նպատակն է ցույց տալ, թե ինչքան հայեր են կռվել արևելյան ռազմաճակատում, Գերմանիայում, ինչքան հայեր են զորակոչվել նաև թուրքական բանակում»,- ասաց Ազգային արխիվի տնօրենը:

Placeholder
Հայաստանի և Ֆրանսիայի Ազգային արխիվները պատրաստվում են վիրտուալ ցուցահանդեսի