ՌԴ Պետդուման Լեհաստանին, Հունգարիային և Ռումինիային առաջարկել է կիսել Ուկրաինան միմյանց միջև
Քաղաքական
14:20 24/03/2014

ՌԴ Պետդուման Լեհաստանին, Հունգարիային և Ռումինիային առաջարկել է կիսել Ուկրաինան միմյանց միջև

Լեհաստանի արտգործնախարարությունը ՌԴ Պետդումայից պաշտոնական նամակ է ստացել, որտեղ առաջարկվել է կիսել Ուկրաինան, հաղորդում է գերմանական Deutsche Welle լրատվականը` հղում կատարելով լեհական TVP1 հեռուստաալիքին:

Աղբյուրի համաձայն` Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկու ստորագրությամբ նամակում Լեհաստանի կառավարությանն առաջարկվում է հասնել այն բանին, որ Ուկրաինայի հինգ մարզերում` Վոլինսկում, Լվովում, Իվանո-ֆրանկովսկում, Տերնոպոլսկում և Ռովենսկում անցկացվի հանրաքվե` Լեհաստանին միանալու նպատակով: Նույնանման բովանդակությամբ նամակներ ուղարկվել են նաև Հունգարիա և Ռումինիա, բայց արդեն Զակարպատյան և Չեռնովիցկյան մարզերի վերաբերյալ, հաղորդում է Gazeta.pl պորտալը:

Լեհաստանի ԱԳՆ-ում ՌԴ Պետդումայի փոխխոսնակի առաջարկություններն «այնքան տարօրինակ են գնահատել, որ ոչ ոք լուրջ չի վերաբերվել դրան»,-հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարցին Վոյցեխովսկին: Նա խոստացել է, որ Ժիրինովսկին կստանա համարժեք պատասխան, սակայն նրա առաջարկության «բովանդակությանը չվերաբերող»:

Միաժամանակ Վեյցխովսկին ափսոսանք է հայտնել, որ ռուսական քաղաքական էլիտայի մի մասը «դեռևս դատում է Մոլոտով-Ռիբենտրոպ կատեգորիաների շրջանակներում»:

Իր հերթին Լեհաստանի նախագահի օգնական Տոմաշ Նալենչը դատապարտել է Վլադիմիր Ժիրինավսկու նախաձեռնությունը և այն անվանել է «վիրավորական»: Նալենչի կարծիքով` Ժիրինովսկու նամակը «անկեղծ ասած, պետք է ուղարկվեր հոգեբանի մոտ»:

Միաժամանակ նախագահի խորհրդականը ենթադրել է, որ այդ հաղորդագրությունը կարող է «այն սցենարի մի մասը լինել, որը միտված է հակառակ փաստերին` ապացուցել Լեհաստանի մասնակցությունը ուկրաինական դեպքերին» և Վարշավան ներկայացնել` «որպես Ռուսաստանի ինչ-որ դաշնակից»:

Placeholder
ՌԴ Պետդուման Լեհաստանին, Հունգարիային և Ռումինիային առաջարկել է կիսել Ուկրաինան միմյանց միջև