Ի՞նչ խորհուրդ տվեց Գալուստ Սահակյանին ընդդիմադիր Ռուբեն Հակոբյանը
Քաղաքական
15:00 25/03/2014

Ի՞նչ խորհուրդ տվեց Գալուստ Սահակյանին ընդդիմադիր Ռուբեն Հակոբյանը

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ԱԺ չորս ոչ իշխանական ուժերի կողմից հերթական ժամանակավոր հանձնաժողովը ստեղծելու նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց, որ չի հասկանում` սա լավ է, թե չէ:

«Չեմ հասկանում` սա հումո՞ր է, թե զավեշտ: Սա շահարկում չէ, սա ծես է, ամեն երկուշաբթի պետք է մի բան բերեն այստեղ, ներկայացնեն, որ մի բան ծեսի պես քննարկենք: Մարդու ուղեղը լվացքի մեքենա չէ, որ երբ ուզենա մզի, երբ ուզենա լվանա»,- մտքերի փոխանակման ժամանակ հայտարարեց նա:

Գալուստ Սահակյանի խոսքով` պետք է նայել ով որտեղից է եկել, անցած ճանապարհին. «Մի հատ քեզ նայի` որտեղից ես եկել, ինչ ես արել: Դուք ընդամենը փորձում եք ամբոխ հավաքել, բայց դա դրական գործիք չէ, ժողովուրդն է դրական գործիք: Իսկ ժողովրդին ձևի, միջոցի, ցանկության համար չեք կարող հավաքել: Դուք կուսակցական ոգեշնչմամբ եք առաջնորդվում ու ցանկանում եք անկանխատեսելի դարձնել ու ժողովրդի գլխին չարիք բերել»,- դիմելով ԱԺ ընդդիմադիրներին նշեց նա:

ՀՀԿ խմբակցության ղեկավարի կարծիքով` ժողովուրդն ու ամբոխը իրար հակառակ բաներ են, ժողովուրդն իմաստուն է, ամբոխը՝ հիմար, ժողովուրդը ծանր է, իսկ ամբոխը՝ թեթև:

«Ժողովուրդը աշխատանք է սիրում, ամբոխը՝ թալան: Ժողովուրդը խաղաղասեր է, ամբոխը՝ կռվարար: Դուք ընդամենը սա եք, ու ես չեմ դա ասել, այլ Հովհաննես Թումանյանն է ասել դեռ 1920թ-ին»,- հայտարարեց ՀՀԿ-ական գործիչը:

Այս ելույթն անարձագանք չմնաց ԱԺ նախագահի կողմից. «Պետք էր սկզբում ասել, որ դա Թումանյանն է ասել, որպեսզի պատգամավորները չլքեին դահլիճը»:

Իսկ Գ.Սահակյանի ելույթի պատասխանը հնչեցրեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ով հայտարարեց, որ իսկապես հրաշալի էր և խորհուրդ կտար միշտ կարդալով խոսել ու մեջբերել Թումանյանի ստեղծագործություններից:

Placeholder
Ի՞նչ խորհուրդ տվեց Գալուստ Սահակյանին ընդդիմադիր Ռուբեն Հակոբյանը