Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հարձակվեցին ու սկսեցին դիպուկահարներով խփել, մարդ չմնաց». Ինչպես տարհանվեցին Քեսաբի հայերը
«Մեր հայ տղաներն արաբների հետ միասին պաշտպանում էին մեզ, խմբեր էին կազմակերպել, հսկում էին բոլոր սահմանային կետերը: Իրենք տեղեկություն ստացան, որ ինչ-որ բան է լինելու Թուրքիայի կողմից: Այդ սահմանները պաշտոնապես Թուրքիան է հսկում: Տեղեկացան և բոլոր ընտանիքներին արագ լուր տվեցին: Առավոտ շուտ արթնացրին բոլոր ընտանիքներին ու բոլորս շարժվեցինք Լաթաքիա»,- Panorama.am-ի թղթակցին պատմում է Քեսաբից տեղահանված ու Լաթաքիայում ապաստանած Հասմիկ Մանջիկյան-Բերբերյանը:
Թողնում են տները՝ դռները փակ, ամբողջ ունեցվածքը մեջը: Շատերը կան, որ նույնիսկ անձնագիր չեն վերցրել: Միայն թե փրկվեին: Ծայրահեղականները տարբեր կողմերից թափանցում էին:
«Թուրքն արեց իր անելիքը, փշալարարերը հանեց: Մինչև հիմա թուրքն իր սև գործն է անում: Իրենք հարձակվեցին ու սկսեցին դիպուկահարներով խփել, զենքերով կրակել, Քեսաբում մարդ չմնաց: Բոլորս տեղահանվեցինք»,- ասում է նա և շարունակում,- «Եկանք Լաթաքիա, այն մարդիկ, ովքեր ազգականներ ունեն այստեղ, զանգահարեցին և ապաստանեցին նրանց տանը: Մյուսների համար եկեղեցու դռները բացվեցին»:
Բոլորին օգնություն է բաժանվում շատ արագ, պետությունն ու հայկական կազմակերպությունները ոտքի են ելնում: Ծածկոցներ, առաջին անհրաժեշտության պարագաներ են տալիս: Սնունդ են բերում, տիկինները ճաշ են եփում և մինչև հիմա էլ երեք անգամ օրական սնունդ են տալիս:
Հասմիկ Մանջիկյան-Բերբերյանի խոսքով, շատ են եկեղեցում ապաստանածները: Ազգականների տանն ապաստանածների թիվն էլ է մեծ:
Հասմիկ Մանջիկյան-Բերբերյանը հետնորդն է այն սերնդի, ում Քեսաբից տեղահանել էին 1915-ին. «Իմ պապը եղբայրների հետ տեղահանվել են և աքսորի ճանապարհն են բռնել, Լաթաքիայով հասել են Հորդանան: Ճանապարհին շատ երեխաներ, ծերեր են մահացել: Պապիկիս եղբայրներն այդ ժամանակ գաղթի ճանապարհին մահացել են, միայն պապիկս է ողջ մնացել: Հետո, երբ խաղաղվել է, վերադարձել են իրենց տուն»:
Քեսաբից այն ժամանակ տարհանվածներից շատերը այս պատերազմի ընթացքում Քեսաբ էին ետ փախել-եկել Հալեպից. «Հիմա չգիտեն ինչ անել, երկրորդ անգամ այսպիսի ցավալի վիճակի առաջ են կանգնում Հալեպի հայերը»:
Հ.Գ. Դամասկոսի թեմի առանորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի տնօրինությամբ այս օրը հայտարարված է Քեսաբի խաղաղության և աղոթքի օր:
Կարդացեք նաև`
«Լաթաքիայի վրա հարձակում այս պահին չկա»
Քեսաբի հայ. Թուրքիայից մեքենաներով գալիս են, կողոպտում են տները և տանում մեր ունեցվածքը
Հայաբնակ Քեսաբի վրա հարձակման մեջ չեչեննե՞ր են ներգրավված
«Քեսաբ ներխուժումը հայության` մասնավորապես սիրիահայ համայնքի դեմ ուղղված քայլ էր»
Սիրիահայ. Ամեն վայրկյան սպասվում է Լաթաքիայի դեմ հարձակումը
Քեսաբի հայերին օգնություն է անհրաժեշտ, հայկական կողմը քայլեր ձեռնարկում է