Հ.Սահակյանը կենսաթոշակայինի մասին. Չկա մի օրենք, որը տաբու է և ոչ մի անգամ չի փոխվել
Քաղաքական
10:43 27/03/2014

Հ.Սահակյանը կենսաթոշակայինի մասին. Չկա մի օրենք, որը տաբու է և ոչ մի անգամ չի փոխվել

Արդեն վաղը Սահմանադրական դատարանը կքննարկի «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթների սահմանադրականության հարցը: Վերջին մեկ շաբաթում իշխանություններից ազդակներ էին ստացվում, որոնք ենթադրել են տալիս, որ իշխանությունները պատրաստ են փոխզիջումների, իսկ թե ինչպիսի՞...Panorama.am-ը զրուցեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի հետ: Մասնավորապես պատգամավորից հետաքրքրվեցինք` ինչպե՞ս կարելի է մեկնաբանել օրերս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունն այն մասին, որ պատրաստ են քննարկել օրենքը:

«Ես` որպես և իրավաբան, և օրենսդիր մարմնի ներկայացուցիչ չեմ կարծում, որ իրավունք ունեմ Սահմանադրական դատարանի վճռից առաջ որևէ կարծիք կամ տեսակետ հայտնել: Մենք իրավական պետություն ենք, մեր Սահմանադրական դատարանն ունի որոշակի լիազորություններ և որի որոշումը պարտադիր է բոլորի համար: Երբ ՍԴ-ն կներկայացնի իր տեսակետը, որոշումը, այն ժամանակ էլ կփորձենք մեկնաբանել»,-ասաց ՀՀԿ-ական գործիչը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ կարելի է եզրակացնել իշխանության տարբեր մակարդակներից հնչող հայտարարություններից, որոնք ակնարկում են քննարկում, անգամ օրենքի վերանայման հեռանկար և այլն, Հ.Սահակյանն ասաց, որ իր կարծիքով, դրանք ընդհանուր բնույթի են:

«Ցանկացած օրենք, երբ կիրարկում է և դրվում է շրջանառության մեջ, դրա բաց և թերի կողմերի ավելի տեսանելի են դառնում և ենթադրում են փոփոխություններ: Չկա մի օրենք, որը տաբու է և որևիցե մի անգամ չի փոխվել: Եվ կարծում եմ այդ հայտարարությունները, որոնց մատնանշում եք, պետք է նայել այս կոնտեքստում»,- նշեց նա:

Հ.Սահակյանից հետաքրքրվեցինք` արդյո՞ք հնարավոր է, որ իշխանությունը հաշվի չնստի պարտադիր կուտակային բաղադրիչից բողոքող հանրության 88.7 տոկոսի հետ, ինչի մասին վկայում են «Գելափ»-ի վերջին հարցումները և որոնք, ըստ երևույթին, իշխանություններից վերանայում, փոխզիջում են սպասում: Սակայն ՀՀԿ-ական պատգամավորը հիշեցրեց իր գլխավոր միտքը` Սահմանադրական դատարանի որոշումից հետո միայն իրենց քայլերն ու գործողությունները տեսանելի կլինեն բոլորի համար, իսկ մինչ այդ կարծիք հայտնել կոնսենսուսի, զիջումների և մնացածի մասով անշնորհակալ գործ է:

«Եկեք վերանանք «Գելափի» հարցումներից և մնացածից. Աշխարհում միշտ էլ նման բարեփոխումները դժգոհություններ են առաջացրել, մարդիկ միշտ չէ, որ միանգամից են ընկալել դրա տրամաբանությունը: Դրա համար ժամանակ է պետք, նաև որպեսզի իշխանությունները ու համապատասխան կառույցները բացատրական, իրազեկման աշխատանքներ տանեն: Բայց, կրկնում եմ, կոնսենսուի կամ մնացած գործողությունների մասով ամենը պարզ կերևա ՍԴ որոշումից հետո»,- հավելեց Հ.Սահակյանը:

Նախորդիվ`

Գելափ. 88.7%-ը դեմ է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին

Հայտնի է` որ պաշտոնյաներն են ներկայացնելու վիճահարույց օրենքը Սահմանադրական դատարանում

Placeholder
Հ.Սահակյանը կենսաթոշակայինի մասին. Չկա մի օրենք, որը տաբու է և ոչ մի անգամ չի փոխվել