Թուրք պատգամավոր. «Դավութօղլու, Ֆիդան, Սինիրօղլու, Յաշար. նրանցից մեկը լրտես է»
Քաղաքական
13:14 29/03/2014

Թուրք պատգամավոր. «Դավութօղլու, Ֆիդան, Սինիրօղլու, Յաշար. նրանցից մեկը լրտես է»

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները կոշտ են արձագանքել մարտի 27-ին համացանցում հայտնված պետական բարձրաստիճան այրերի խորհրդակցության գաղտնալսման փաստին: Խոսքն արտգործնախարարությունում կայացած այն նիստի մասին է, որի ժամանակ արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրօղլուն, Ազգային հետախուզական ծառայության պետ Հաքան Ֆիդանը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Յաշար Գյուլերը քննարկել են Սիրիա ներխուժման ծրագրի տարբերակները:

Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ -CHP) պատգամավոր Ումիթ Օրանն այդ խայտառակ միջադեպը քննարկման նյութ է դարձրել երկրի խորհրդարանում: Նա հարց է ուղղել Դավութօղլուին, թե մի°թե հայրենիքի դավաճանություն չէ քննարկված սիրիական ծրագրի այն դետալը, ըստ որի, Հաքան Ֆիդանը պիտի մարդիկ ուղարկեր Սիրիա, որոնք այնտեղից հրթիռակոծեին թուրք զինվորներին:

Մեկ այլ ընդդիմադիր «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունը (ԽԺԿ-BDP) գրավոր հայտարարություն էր տարածել` խոր մտահոգություն հայտնելով երկրի իշխանությունները ներքաղաքական փակուղուց դրդված փորձում են անօրինական ճանապարհով Թուրքիան ներքաշել պատերազմի մեջ: ԽԺՀ-ականների համոզմամբ` Էրդողանի վարչակազմը փորձում է պատերազմի միջոցով պահպանել իշխանությունը:

«Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) պատգամավոր Լուֆթու Թուրքանը հայտարարել է, որ Սիրիայի դեմ հնարավոր ռազմական գործողության ծրագրի քննարկմանը մասնակցած վերոնշյալ 4 պետական բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը լրտես է:

«Նա է լրտեսը, ով նիստին եկել է մասնակցելու` իր վրա ամրակցված ունենալով գաղտնալսող և ձայնագրող սարք»,- ըստ «Ջումհուրիյեթ» լրատվականի` ասել է պատգամավորը:

Placeholder
Թուրք պատգամավոր. «Դավութօղլու, Ֆիդան, Սինիրօղլու, Յաշար. նրանցից մեկը լրտես է»