Գյուղատնտեսության փոխնախարար. Փոխհատուցման հետ կապված դեռ վաղ է խոսել
Հասարակություն
10:15 31/03/2014

Գյուղատնտեսության փոխնախարար. Փոխհատուցման հետ կապված դեռ վաղ է խոսել

«Այս գիշեր պտղատու այգիներում որևէ ծխահարում չի եղել: Դա անօգուտ էր: Մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերն ջերմաստիճանն էլ ավելի է իջնելու: Օրվա ընթացքում կկողմնորոշվենք՝ ինչ անել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին տեղացած առատ ձյունը, քամին, ցածր ջերմաստիճանը վնաս են հասցրել արդեն ծաղկած ծառերին, խաղողի այգիներին: Եղանակային անբարենպաստ պայմաններից մեծապես տուժել են Արմավիրի և Արարատի գյուղացիական տնտեսությունները:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ծիրանենիները 100 տոկոսով ցրտահարվել են, ինչպես պնդում են արմավիրցիները, փոխնախարարն ասաց. «Այդպես չենք կարող ասել: Պետք է եղանակը բացվի, արևը դուրս գա, ձյունը թափվի ծառերից, որպեսզի տեսնենք՝ ինչը ինչոց է: Միանշանակորեն չենք կարող ասել, որ 100 տոկոս ցրտահարվել են»:

Ինչ վերաբերում է ջերմոցային տնտեսություններին, Գ. Բաղիյանն ասաց, որ նախօրեին գյուղատնտեսության նախարարությունն աշխատել է ողջ օրը, խորհուրդներ են տվել ջերմոցային տնտեսություններին. «Երեկ որոշ տեղերում հոսանքազրկումներ էին եղել ուժեղ քամու պատճառով, բայց օրվա վերջին արդեն վերականգնվել էր: Դեռևս վաղ է խոսել՝ արդյոք տուժել է ջերմոցային տնտեսությունը, թե ոչ»:

Վնասներ կրած գյուղացիական տնտեսություններին փոխհատուցման հետ կապված հարցին, փոխնախարարն ասաց. «Դեռ շուտ է այդ մասին խոսել: Երկու-երեք օր պետք է անցնի, տեսնենք ինչ է եղել, վնասի չափը ու ըստ այդմ կողմնորոշվել»:

Նախորդիվ՝

Արմավիրցիներ. Ծիրանենիները 100 տոկոսով ցրտահարվել են

Գյուղատնտեսության նախարարություն. Կորուստների իրական ծավալների մասին որևէ հստակ տեղեկատվություն դեռևս անհնար է տրամադրել

Գյուղատնտեսության փոխնախարար. Վիճակը վատ է

Placeholder
Գյուղատնտեսության փոխնախարար. Փոխհատուցման հետ կապված դեռ վաղ է խոսել