ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների ձևաչափի փոփոխություն չի ակնկալվում
Քաղաքական
15:48 03/04/2014

ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների ձևաչափի փոփոխություն չի ակնկալվում

Գերմանական «Spiegel Online»-ն  օրերս մի փաստաթուղթ է հրապարակել, որում նշվում է, որ ՆԱՏՕ-ն մտադիր է զարգացնել իր հարաբերությունները Հայաստանի, Մոլդովայի ու Ադրբեջանի հետ: Նշվում էր, որ ՆԱՏՕ-ն Քիշնև կգործուղի կապի մեկ սպայի, Ադրբեջանի հետ կզարգանա գործակցությունը էներգետիկ ու կիբերանվտանգության ոլորտներում, Հայաստանում ՆԱՏՕ-ն գերակա է համարում երկրի ԶՈւ անձնակազմի որակավորման բարձրացումը:

Արձագանքելով հրապարակված փաստաթղթին, ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարել է, որ «Հայաստանը մտադիր չէ փոխել կամ ընդլայնել ՆԱՏՕ-ի հետ գործակցության գործող ձևաչափը»:

«Մենք ունենք ՆԱՏՕ-ի հետ համագործակցության որոշակի ձևաչափեր։ Ընդլայնել դրանք, փոխել՝ մենք չենք պատրաստվում»,- ասել է նա:

Panorama.am-ի հարցին, թե Հայաստանում ՆԱՏՕ-ն գերակա է համարում երկրի ԶՈւ անձնակազմի որակավորման բարձրացումը, արդյո՞ք ՆԱՏՕ-ի կողմից ՊՆ-ին կոնկրետ առաջարկներ են ներկայացվել, պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց. «Համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ շարունակվում է այն ձևաչափով, որն ավելի վաղ եղել էր»:

Ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանն անդրադառնալով ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների հնարավոր զարգացմանն ու ընդլայմանը Panorama.am-ի զրույցում նշեց, որ տարբեր ծրագրերի շուրջ երկկողմ համագործակցությունը զարգանում է:

«Սակայն ամեն դեպքում պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և ՀՀ-ՀԱՊԿ հարաբերություններն անհնար է համեմատել ՀՀ-ՆԱՏՕ հարաբերություններին, մանավանդ, որ Հայաստանը բազմիցս, ամենաբարձր մակարդակով հայտարարել է, թե նույնիսկ երկարաժամկետ կտրվածքով մտադրություն չունի անդամակցել ՆԱՏՕ-ին»,- ասաց Ա. Գրիգորյանը:

Ռազմական փորձագետը նշեց, որ ՆԱՏՕ-ՀՀ հարաբերությունների զարգացումը տեսնում է միայն եղած ձևաչափերի շրջանակներում ու այս պահին այլ ֆորմատով զարգացման հեռանկար չի տեսնում:

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը վերոնշյալի շուրջ նշել է, որ ՆԱՏՕ-ի հայտարարության մեջ Հայաստանին վերաբերող մասը ենթադրում է, որ Դաշինքը կաջակցի Հայաստանին երկրի զինված ուժերի անձնակազմի որակավորման բարձրացման հարցում, իսկ դրանում գործնականում ոչ մի նորություն չկա:

Նշենք, որ Հայաստանը և ՆԱՏՕ-ն ակտիվորեն համագործակցում են ժողովրդավարական, ինստիտուցիոնալ և ռազմական բարեփոխումների հարցերում, իսկ գործնական հարաբերություններն ընդգրկում են բազմաթիվ այլ ոլորտներ, այդ թվում՝ խաղաղապահ առաքելությունները: Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (ԱԳԳԾ) նախանշում է Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության ծրագիրը, ինչպես նաև սահմանում բարեփոխումների լայն շրջանակ:

Placeholder
ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների ձևաչափի փոփոխություն չի ակնկալվում