Վերջին հզոր DDoS հարձակումն ու վտանգները
Իրավունք
13:26 03/04/2014

Վերջին հզոր DDoS հարձակումն ու վտանգները

Հայաստանյան ցանցի վրա նախօրեին եղած հզոր DDoS հարձակումը հասել է մինչև 50 ԳԲ:

«DDoS հարձակումը վտանգավոր է, քանի որ կայքին ձեռք չեն տալիս, բայց ինտերնետ կապուղիները լցվում են աղբով, որը գեներացված է վիրուսով: Կայքը սկսում է վատ աշխատել կամ խցանվում է ինտերնետ կապը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ վերջին տարիներին նման չորս հարձակում է եղել, սակայն դրանց ընթացքում մոտ 20 ԳԲ աղբ էր մտնում: Այս դեպքում պարզ չէ, թե ով է եղել հարձակվողը և ինչ նպատակ է հետապնդել:

«Լավ է, որ կասեցում եղավ: Փաստացի իրավիճակ ունենք, որ գնալով ուժեղանում են հարձակումները: Նման հարձակումները կարելի է պատվիրել, այս ծառայությունը շուկայում էժանանում է: Նոր մեթոդներ են առաջ գալիս, իսկ երեկվա հարձակումը շատ քիչ համակարգչով մեծ քանակությամբ աղբ ուղարկելու մեթոդն էր»,- մանրամասնեց փորձագետը:

Սամվել Մարտիրոսյանը նկատեց, որ մենք կիսապատերազմական վիճակում երկիր ենք, պետք է հաշվի առնել, որ կրիտիկական պահերին նման բաներ կլինեն: Ըստ նրա, պետք է ազգային, պետական մակարդակով մտածել պաշտպանության մասին:

«Կան մեթոդներ այդ հարցերը լուծելու, այդ ամենը նաև ֆինանսական ծախսեր է, իհարկե, ունենալու: Բայց ամբողջ աշխարհում ցանցային անվտանգության ապահովման համար ծախսերը գնալով աճում են»,- ասաց նա:

Սամվել Մարտիրոսյանը հավելեց, որ այս հարձակումներն այսօր խոսքի ազատության դեմ շատ վատ գործիք են, որոնք կարող են լրատվական դաշտը խցանել:

Նախորդիվ՝

Փորձագետ. Հզոր DDoS հարձակումը, եթե չթուլանա, ինտերնետ կապի հետ լրջագույն խնդիրներ կունենանք

Placeholder
Վերջին հզոր DDoS հարձակումն ու վտանգները