Կլիմայի փոփոխությունը, թերսնումը, ընտանեկան ֆերմերային տնտեսությունները և ագրոսննդի առևտուրը`ՊԳԿ-ի ուշադրության կենտրոնում
Տնտեսություն
12:30 04/04/2014

Կլիմայի փոփոխությունը, թերսնումը, ընտանեկան ֆերմերային տնտեսությունները և ագրոսննդի առևտուրը`ՊԳԿ-ի ուշադրության կենտրոնում

Ապրիլի 2-ին Բուխարեստում մեկնարկած 46 երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ՄԱԿ-ի ՊԳԿ Եվրոպայի տարածաշրջանային համաժողովի բացման ժամանակ ՊԳԿ գլխավոր տնօրեն Խոսե Գրացիանո դա Սիլվան իր խոսքում զգալի տեղ է հատկացրել սննդի արտադրության վրա կլիմայի փոփոխության ազդեցությանը:

ՊԳԿ լրատվական ծառայությունից հաղորդում են, որ Գրացիանո դա Սիլվան հիշատակել է Կլիմայի փոփոխության հարցերով միջկառավարական հանձնաժողովի կողմից այս շաբաթ հրապարակված զեկույցը, որում գյուղատնտեսության ոլորտին լուրջ վնաս է կանխատեսվում եղանակի փոփոխման պատճառով:

«Մենք պետք է ավելի շատ ջանք գործադրենք հետևանքները մեղմելու, հարմարվելու և, ինչն առավել կարևոր է, ավելի կայուն պարենային համակարգերի անցնելու համար»,- ասել է նա: «Սա մեր հիմնական պարտականություններից մեկն է»:

Նրա խոսքով, աշխարհի ամենաաղքատ մարդիկ առավել խոցելի են կլիմայական փոփոխությունների նկատմամբ, քանի որ գյուղատնտեսական արտադրանքի վրա դրանց բացասական ազդեցությունն ավելի զգալի կլինի արտադրության այն մարգինալ վայրերում, որտեղ նրանք բնակվում են:

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ՊԳԿ-ի գործունեությանը նվիրված, երկու տարին մեկ անցկացվող համաժողովին Գրացիանո դա Սիլվայի ելույթի առանցքային թեմաներից էր նաև ՊԳԿ-ի ավելի մեծ շեշտադրումը կայուն ընտանեկան ֆերմերային տնտեսությունների վրա: Մասնավորապես, նա խոսել է աղքատության նվազեցմանն ուղղված ՊԳԿ-ի նոր տարածաշրջանային նախաձեռնության մասին, որն աջակցում է ընտանեկան ֆերմերներին և փոքր հողատերերին, կենտրոնանում է արտադրության կայուն տեխնոլոգիաների, հողատիրության խնդիրների, շուկաների հասանելիության և գյուղաբնակ մարդկանց եկամտի բազմազանեցման վրա: ՊԳԿ-ն նաև խորհրդատվություն կտրամադրի ազգային կառավարություններին` ընտանեկան ֆերմերային տնտեսություններին և փոքրածավալ արտադրությանը նպաստող քաղաքականությունների և ռազմավարությունների վերաբերյալ:

2014-15թթ. ՊԳԿ-ի մեկ այլ տարածաշրջանային նախաձեռնությունն առնչվում է ագրոսննդի առևտրին, բարելավելով երկրների` գյուղատնտեսության ոլորտում տարածաշրջանային և միջազգային առևտրին ավելի արդյունավետ կերպով մասնակցելու և սննդի առևտրի միջազգային նորմերին համապատասխանելու կարողությունը:

ՊԳԿ-ն նաև աշխատելու է երկրների հետ պարենային կորուստների և թափոնների դեմ պայքարի ոլորտում, ասել է Գրացիանոն:

«ՊԳԿ-ի վերջին հաշվարկները ցույց են տալիս, որ անհրաժեշտ է 60 տոկոսով ավելացնել գյուղատնտեսական արտադրանքի ծավալները`2050թ. աշխարհի բնակչությանը կերակրելու համար»,- ասել է նա: «Եթե կարողանայինք կիսով չափ նվազեցնել պարենի ներկա կորուստներն ու թափոնները, արտադրությունը պետք կլիներ ավելացնել ընդամենը 25 տոկոսով»:

ՊԳԿ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը 53 անդամ երկիր և մեկ անդամ կազմակերպություն (Եվրոպական Միություն) ունի: Եվրոպայի տարածաշրջանային համաժողովն ավարտվում է ապրիլի 4-ին:

Placeholder
Կլիմայի փոփոխությունը, թերսնումը, ընտանեկան ֆերմերային տնտեսությունները և ագրոսննդի առևտուրը`ՊԳԿ-ի ուշադրության կենտրոնում