Քաղաքագետ. Վարչապետի հրաժարականի հետ կապված և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը կարող են ունենալ բարձր տրամադրություն
Քաղաքական
18:23 04/04/2014

Քաղաքագետ. Վարչապետի հրաժարականի հետ կապված և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը կարող են ունենալ բարձր տրամադրություն

«Վարչապետի հրաժարականի հետ կապված և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը, որոշ իմաստով,  կարող են ունենալ բարձր տրամադրություն: Ընդդիմության պարագայում դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ ահա, տեսե՛ք, վերջին տարիների մեր պայքարը հասել է արդյունքի: Իշխանությունը կարող է ուրախ լինել, որ ինչ-որ մի հարված է հասցվել ընդդիմության պոտենցիալ միասնականությանը»,-  անդրադառնալով ՀՀ արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականին` Panorama.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

Խոսելով վարչապետի հրաժարականի հնարավոր հետևանքների մասին՝ քաղաքագետը նկատեց, որ ստեղված քաղաքական իրավիճակում և Ազգային Ժողովում ՀՀԿ մեծամասնությամբ պայմանավորված՝ իշխանությունը կամ կշարունակի նույն քաղաքականությունը՝ առաջադրելով միայն իշխող կուսակցության համար ընդունելի վարչապետի թեկնածություն, կամ կիրականացնի «համաձայնողական քաղաքականություն», վարչապետ կնշանակվի նաև ընդդիմության համար ընդունելի անձ և կվերանայի կառավարության ձևավորման սկզբունքները, այսինքն` կառավարության մեջ կներառվեն տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:

«Սակայն կա մի խնդիր, որ ընդդիմության մոտ չկա առայժմ բյուրեղացված կառուցողական ծրագիր տարբեր ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու համար, որովհետև կա իշխանության ձգտում, բայց չկան և չեն երևում իշխանության հասնելու ռեալ մեխանիզմներ»,- ասաց Ա. Մարկարովը:

Վարչապետի հրաժարականի պատճառների մասին խոսելիս՝ քաղաքագետը փաստեց, որ սովորաբար ցանկացած երկրում վարչապետի հրաժարականը զուտ անձնական խնդիր չէ, այլ պետական նշանակության հարց է:

«Պատճառահետևանքային կապերը պայմանավորում են այն որոշման հետ, որը վերաբերում էր կենսաթոշակային բարեփոխումներին: Բայց պարզ է, որ դա միակ որոշումը չէր, որը բնորոշում է կառավարության տնտեսական քաղաքականությունը: Կարելի է հիշել այն հանգամանքը, երբ երկրի նախագահն ասում էր, որ եթե կառավարությունը չի ապահովում ՀՆԱ-ի 7% տնտեսական աճ, ապա պետք է հրաժարական տա: Սա ևս այն հարցն է, որ նույնպես կարող է հանդես գալ որպես դժգոհության առիթ»,- նշեց նա:

Նախորդիվ`

Սերժ Սարգսյանը կառավարության հրաժարականն ընդունելու մասին հրամանագիր է ստորագրել

Վարչապետը հրաժարականի խնդրանքով դիմել էր դեռ մեկ ամիս առաջ. Շարմազանով

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական է ներկայացրել
 

Placeholder
Քաղաքագետ. Վարչապետի հրաժարականի հետ կապված և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը կարող են ունենալ բարձր տրամադրություն