Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ծիծեռնավանքի հիմնադրումը նախքան զինադադարը խոսում է մեր հավատի մասին. ԼՂՀ վարչապետ
Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը այսօր ներկա է գտնվել Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանք համայնքի հիմնադրման քսաներորդ տարեդարձի կապակցությամբ համայնքում կազմակերպված միջոցառմանը: Այս մասին տեղեկացնում են Արցախի կառավարության լրատվական ծառայությունից:
Շնորհավորական խոսքում կառավարության ղեկավարն ընդգծել է այն հանգամանքը, որ մայիսին լրանում է զինադադարի կնքման քսաներորդ տարեդարձը, այնինչ այդ շրջանի գյուղերի վերաբնակեցումը սկսվել է նախքան զինադադարը. «Դա նշանակում է, որ մենք ունեինք հույս ու հավատ, որ հաղթելու ենք պատերազմում և ի վիճակի ենք լինելու շենացնել մեր ազատագրված պատմական հայրենիքը: Ինչ նշանակություն է ունեցել այս տարածքը հայոց պատմության ընթացքում, վկան է Ծիծեռնավանքը, որը երկարամյա գերության ժամանակաշրջանում ևս կարողացել է պահպանվել և այսօր ծառայել հայ ազգին ոչ միայն որպես եկեղեցի, այլ նաև որպես մեր պատմությունը վկայող հուշարձան»:
Վարչապետը շեշտադրել է, որ առկա են շատ խնդիրներ, որոնց մի մասը լուծում են ստացել, իսկ մնացածը տարիների ընթացքում կլուծվեն: Սակայն, ըստ նրա, ունեցել են նաև շատ մեծ ձեռքբերումներ, որոնցից ամենակարևորը համայնքում ծնված երեխաներն են: Նա գոհունակությամբ փաստել է ժողովրդագրական դրության բարելավումը՝ ընդգծելով, որ պետք է ստեղծվեն բոլոր նախադրյալները առաջիկայում ծնելիության ավելի բարձր ցուցանիշներ գրանցելու համար: Ա. Հարությունյանը այցելել է նաև Ծիծեռնավանքի վերականգնված վանական համալիր:
Միջոցառման ընթացքում Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանք համայնքի հիմնադրման քսաներորդ տարեդարձի կապակցությամբ համայնքի հիմնադրման ու զարգացման գործում ունեցած զգալի ներդրումների համար ԼՂՀ վարչապետի հուշամեդալներով ու պատվոգրերով պարգևատրվեցին մի շարք քաղաքացիներ: