Տեսակետներ. թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը` սպառնալիք
Քաղաքական
17:33 08/04/2014

Տեսակետներ. թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը` սպառնալիք

Թուրքիան ու Ադրբեջանը պատրաստվում են նոր ռազմական համաձայնագիր ստորագրել, ինչը երկու երկրներից որևէ մեկի նկատմամբ արտաքին ագրեսիայի դեպքում, կողմերի վրա կոնկրետ պարտավորություններ է դնում: Խոսքն առաջին հերթին անմիջական ռազմական օգնության մասին է:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Նովրուզ Մամեդովն անդրադառնալով վերոնշյալ համաձայնագրի ստորագրմանը, հայտարարել է, որ հարցը երկու երկրների քաղաքական օրակարգում է, սակայն խնդիրը նրանում է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ այդ կազմակերպության որոշ անդամներ «ջերմ չեն վերաբերում նման միության գոյությանը»:

Ադրբեջանցի քաղաքագետ Գաբիլ Հուսեյնլին «ՍալամՆյուզ»-ին ասել է, որ վերոնշյալ համաձայնագրի ակտուալությունն ակնհայտ է դարձել հատկապես ղրիմյան իրադարձությունների հետո և Թուրքիան նպատակ ունենալով մեծացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում նման քայլի է գնում:

Ըստ քաղաքագետի, Թուրքիան ամեն ինչ անում է իր դիրքերը տարածաշրջանում ամրապնդելու համար:

Ռազմական լրագրողների վերլուծությունների «Դոկտրինա» կենտրոնի ղեկավար Ջասուր Սումերինլին կարծում է, որ Ադրբեջան-Թուրքիա ռազմական համագործակցությունը 20 տարվա պատմություն ունի, սակայն դեռևս չի հաջողվել հասնել ցանկալի մակարդակին:

Վերջինս նշել է, որ ամեն դեպքում, Թուրքիան տարբեր ձևաչափով համագործակցության շրջանակներում, աջակցել է Ադրբեջանին ու դա առաջիկայում վերոնշյալ համաձայնագրով կամրապնդվի, միաժամանակ Սումերենլին նշել է, որ վերջին տարիներին ռազղմական համագործակցության խորացում ասվածը սահմանափակվում է երկկողմ այցերով:

Թուրքագետ Լևոն Հովսեփյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ եթե այդ համաձայնագրի հարցը դիտարկվում է իրավա-պայմանագրային դաշտի տեսանկյունից, ապա ոչ ֆորմալ առումով, կարելի է ասել նման փոխհամաձայնություն այդ երկու երկրների միջև գործում է, ուղղակի փորձ է արվում այդ համագործակցությունը տեղափոխել իրավական հարթություն:

«Սա 2010 թվականի օգոստոսի 10-ին ստորագրված թուրք-ադրբեջանական համաձայնագրի շարունակությունն է: Դրանում առանձին դրույթ կար, որը վերաբերում էր փոխօգնությանը»,- ասաց թուրքագետը:

Հարցին, թե ի՞նչ սպառնալիք է այն իր մեջ պարունակում Հայաստանի համար, Լ. Հովսեփյանը նշեց. «Եթե այն դիտարկենք սպառնալիքների կտրվածքով, ապա Թուրքիան արցախյան պատերազմից ի վեր, անուղղակիորեն մասնակցել է ռազմական գործողություններին` մարդկային ռեսուսրով, սպառազինության մատակարարումներով, հետախուզական տվյալների փոխանցմամբ ու այն այսօր էլ շարունակվում է: Այստեղ միակ խնդիրը, կարծում եմ` այդ գործընթացները իրավական դաշտում ամրագրելն է: Ռազմական համագործակցությունը Թուրքիայի և Ադրբեջանի միջև Հայաստանի ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիք է:

Ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը թուրքագետ Լևոն Հովսեփյանի հետ համակարծիք է այն հարցում, որ Թուրքիան ամեն դեպքում, տարբեր ֆորմատներով աձակցել է Ադրբեջանին, իսկ նոր համաձայնագիրն ուղղակի իրավական կարգավորման խնդիր պետք է լուծի:

«Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են օրինականացնել ռազմական համագործակցության այն ուղղությունները, որոնց շուրջ համոգրծակցում են, սակայն դրանք օրենսդրական առումով կարգավորված չի»,- ասաց ռազմական փորձագետը:

Ըստ նրա` Թուրքիան խիստ անհանգստացած է Ռուսաստանի աննախադեպ ակտիվացմամբ ու փորձում է քայլեր ձեռնարկել` չկորցնելու իր դիրքերը տարածաշրջանում:

«Ամեն դեպքում, Թուրքիան և ռազմական և քաղաքական առումով մշտապես աջակցել է Ադրբեջանին` լրացուցիչ խնդիր ստեղծելով Հայաստանի համար, սակայն անվտանգության ապահովման հարցում Հայաստանը միայնակ չէ և տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու հարցում խորը համագործակցության մեջ է ինչպես ՀԱՊԿ-ի, այնպես էլ` կառույցի անդամ ՌԴ-ի հետ»,- հավելեց նա:

 

 

Placeholder
Տեսակետներ. թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը` սպառնալիք