Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում հանրաքվեի անցկացումը համարվում է կենսական անհրաժեշտություն
Իրավունք
10:55 11/04/2014

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում հանրաքվեի անցկացումը համարվում է կենսական անհրաժեշտություն

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում, որտեղ առաջարկվում է կառավարաման համակարգի փոփոխության հնարավոր այլընտրանք, տեղ է գտել նաև «Հանրաքվեի սահմանադրական երաշխիքները» գլուխը, որտեղ նշվում է հանրաքվեի դերը կարևորելու մասին: Այժմ Հայաստանում հանրաքվեի ինստիտուտը գործող Սահմանադրությամբ դիտարկվում է որպես Սահմանադրության ընդունման և դրանում փոփոխություններ կատարելու բացառիկ իրավական եղանակ, ինչպես նաև օրենքներ ընդունելու այլընտրանքային միջոց:

Սակայն հայեցակարգի նախագծով անհրաժեշտ է համարվում կարևորել հանրաքվեի դերը, որպես անմիջական ժողովրդավարության գործուն միջոց:

«Գերագույն խնդիրն այն է, որպեսզի առավելագույնս օգտագործվի անմիջական ժողովրդավարության հակակշռող ներազդեցությունը պետական իշխանությունն իրականացնելիս։ Մասնավորապես, այն պետք է միտված լինի ներկայացուցչական իշխանությանը թույլ չտալու իրականացնել չհավասարակշռված, ժողովրդավարական գործընթացների վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող քայլեր։ Քաղաքացիական հասարակության զարգացմանը զուգընթաց սա իրավական պետության կայացման համար դառնում է կենսական անհրաժեշտություն։

Ըստ հայեցակարգի նախագծի, հանրաքվեի ինստիտուտի զարգացման համար օրակարգային խնդիրներ են.

ա/ հանրաքվեի օբյեկտների ու սուբյեկտների հստակեցումը,
բ/ հանրաքվեի հարցում պետական իշխանության մարմինների լիազորու-
թյունների ու քաղաքացիական նախաձեռնության շրջանակների որոշակիացումը,
գ/ հանրաքվեի կազմակերպման կառուցակարգային մոտեցումների իրավական
ամրագրումը:

Հանրաքվեի ինստիտուտի զարգացման համար հայեցակարգային հիմնական մոտեցումներն են.

- նախապատվությունը տալ հանրաքվեների շրջանակների որոշակիացման այն տարբերակին, ըստ որի, հանրաքվեի են դրվում այն միջազգային կազմակերպություններին միանալու հարցերը, ինչը հանգեցնում է երկրի ինքնիշխանության մասնակի սահմանափակումների 
- սահմանադրորեն ամրագրել այն հարցերի շրջանակը, որոնք չեն կարող հանրաքվեի դրվել,
- նախատեսել քաղաքացիական նախաձեռնությամբ հանրաքվեի ինստիտուտ,
- սահմանադրաիրավական նախադրյալներ ստեղծել քաղաքացիական նախաձեռնությամբ հանրաքվեի դրված հարցի կամ օրինագծի առնչությամբ Ազգային ժողովի կողմից նախապես եզրակացություն տալու համար:

«Երկրի կայուն սահմանադրական զարգացումների համար էական նշանակություն ունի անմիջական ժողովրդավարության ներուժի լիարժեք օգտագործման բոլոր հնարավորությունների բացահայտումը և ներկայացուցչական ժողովրդավարության ներուժի հետ դրա խելամիտ ներդաշնակումը: Այդ առումով, հաշվի առնելով նաև քաղաքացիական հասարակության ինքնադրսևորման տեղեկատվական նոր հնարավորությունները, սահմանադրաիրավական կանոնակարգումների խնդիր է առաջադրում հանրային պետիցիայի /հանրագրի/ ինստիտուտի արդյունավետ գործադրումը»,- նշված է նախագծում:

Նկատենք, որ հանրաքվեի անցկացման անհրաժեշտության մասին ակտիվ սկսեցին խոսել վերջերս, երբ թափ առավ «Կուտակային կեսնաթոշակների մասին» վիճահարույց օրենքի դեմ բողոքը: Օրենքի ընդդիմախոսները իշխանություններից պահանջում էին կենսական կարևորություն ներկայացնող այդ հարցն ընդունել հանրաքվեի միջոցով:

Հարակից հրապարակում`

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը առաջարկում է բարեփոխել կառավարման համակարգը (Տեսանյութ)

Placeholder
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում հանրաքվեի անցկացումը համարվում է կենսական անհրաժեշտություն