Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
xxxԱ.Նիկողոսյանն իր նշանակման մասին. Այսօր հանդիպելու եմ նորանշանակ վարչապետին
ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը, ում անունը շրջանառվում է իբրև Տարածքային կառավարման նոր նախարար, Երևանում է և այսօր կհանդիպի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Այս մասին Ա.Նիկողոսյանն ասաց Panorama.am-ի հետ զրույցում` նշելով, որ նախատեսվում են հանդիպումներ նաև ՀՀ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:
Պարոն Նիկողոսյանից հետաքրքրվեցինք, թե որքանով են համապատասխանում իրականությանը շրջանառվող լուրերը նոր կաբինետում իր նշանակման մասին, ի պատասխան մեր զրուցակիցն ասաց, որ բավականին երկար ժամանակ ղեկավարում է շատ լուրջ կառույց, որն անմիջական գործունեություն է ծավալում ԽՍՀՄ բոլոր նախկին երկրների նախարարությունների և նախարարների հետ: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա 2013 սեպտեմբերի 3-ից հետո, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը որդեգրում է Մաքսային միության և Եվրասիական ընտանիքին անդամակցելու քաղաքականությունը, դրանից հետո ինքը նախաձեռնել է էլ ավելի մասշտաբային ծրագրեր ու միջոցառումներ:
«Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք ծավալուն աշխատանք ենք կատարել այս ամիսների ընթացքում, որին մասնակցել են Հայաստանի տարբեր նախարարություններ: Ձևավորված էին 22 աշխատանքային խմբեր, որը ղեկավարում էր Տիգրան Սարգսյանը, որոնք նախապատրաստեցին արդեն ընդունված ճանապարհային քարտեզը»,- նշեց Ա.Նիկողոսյանը:
Իր հավանական նշանակման պահով ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահը նախ ասաց, որ այդ լուրերի մասին տեղեկացել է մամուլից, բայց վստահ կարող է ասել, որ անցած տարիների ընթացքում ձեռք բերված և' իր փորձը, և' իր հեղինակությունը, և' տարբեր կառավարությունների հետ աշխատանքային հմտությունները իհարկե համապատասխանում են ցանկացած պաշտոնի համար:
«Եթե մեր պետությունն ու նորանշանակ վարչապետը գտնում են նպատակահարմար, որ ես լինեմ պետության կողքին և հնարավորինս աջակցեմ ավելի մեծ առաջընթացներ արձանագրելու համար, ապա ես անպայման կլինեմ այնտեղ: Ես շատ մտահոգված եմ երկրի թե' ներկայով, թե' ապագայով: Բայց կլինեմ կառավարության մեջ կամ որտեղ կլինեմ` տեղյակ չեմ»,- տեղեկացրեց նա` հավելելով, որ այսօր հանդիպելու է վարչապետ Հովիկ Աբրահամյանին, առաջիկա օրերին էլ նախատեսված են այլ հանդիպումներ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Ա.Նիկողոսյանը նշեց նաև, որ շարունակում է աշխատել և առաջ շարժվել վաղուց որդեգրված ճանապարհով, այդ թվում և հայրենիքում` Հայաստանում. «Հայաստանում այսօր ավելի մասշտաբային աշխատանքներ են սկսում, քանի որ Հայաստանը ՄՄ-ին անդամակցելու ճանապարհին է: Վստահ եմ, որ Հայաստանում ստեղծվելու են բազմաթիվ նոր աշխատատեղեր, կգրանցվի տնտեսական աճ, երկրի առջև բացվելու են նորանոր շուկաներ»: