«Ուզում եմ հավատալ, որ բանիմաց մարդկանցից կազմված կառավարություն կունենանք». Թաթուլ Մանասերյան
Տնտեսություն
10:40 17/04/2014

«Ուզում եմ հավատալ, որ բանիմաց մարդկանցից կազմված կառավարություն կունենանք». Թաթուլ Մանասերյան

«Նոր կառավարությունը առաջնահերթ պետք է լուծի սոցիալական բնույթի խնդիրներ, որոնք սերտորեն կապված են աշխատատեղերի ստեղծման հետ»: Այս մասին Panorama.amի թղթակցի հետ զրույցում ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը` անդրադառնալով նոր կառավարության անելիքներին:

Նրա խոսքերով` կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի երկրում վերջին երկու տասնամյակում կուտակված խնդիրներին: Դրանցից թերևս ամենակարևորը, ըստ տնտեսագետի, փոքր բիզնեսի զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումն է:

«Պետք է քաջալերել փոքր բիզնեսին, եթե փոքր բիզնեսին թթվածին չտրվի, ապա չեմ կարծում, որ տնտեսությունը կկարողանա առաջ գնալ»,- ասաց Թ.Մանասերյանը:

Ըստ նրա` փոքր բիզնեսի զարգացումով առաջին հերթին երկրում կլուծվի զբաղվածության հարցը, մասնավորապես, երիտասարդության շրջանում: Նա նշեց, որ կենտրոնի հաշվարկներով` առանձին տարիքային խմբերում 60-65 տոկոսի է հասնում երիտասարդների զբաղվածության հարցը, ինչը անցանկալի երևույթ է: Իսկ առանց երիտասարդների մասնակցության որևէ երկրի տնտեսություն չի կարող զարգացում ունենալ:

«Ուստի շատ կարևոր է ոչ միայն նյութական, այլ նաև բարոյական աջակցությունը, որպեսզի երիտասարդները ցանկություն ունենան զբաղվել փոքր բիզնեսով: Իհարկե, խնդիրը չի վերաբերում միայն առևտրի կազմակերպմանը, այլ` արտադրական ուղղվածություն ունեցող փոքր բիզնեսի ստեղծմանը, որը հետագայում կվերաճի միջին, իսկ հետո` խոշոր արտադրության: Կարծում եմ` գերակա ուղղություններից մեկը պետք է սա լինի»,- նշեց Թ.Մանասերյանը:

Տնտեսագետը գտնում է, որ կառավարության լրջագույն խնդիրներից մեկն էլ պետք է լինի այն, որ կառավարության հանդեպ վստահությունը վերականգնվի, իսկ դրա համար պետք են որոշակի քայլեր ձեռնարկել:

«Եթե կառավարությունը առաջին իսկ քայլերով վստահություն ներշնչեց, ապա հասարակության շրջանում կառաջանա հավատ, որ այն ինչ արվում է, արվում է ի շահ ժողովրդի»,- եզրափակեց Թ.Մանասերյանը:

Placeholder
«Ուզում եմ հավատալ, որ բանիմաց մարդկանցից կազմված կառավարություն կունենանք». Թաթուլ Մանասերյան